Աշխատանքի վարձատրության աճ՝ Հայկ Կոնջորյանի ընտանիքում․ ինչ ունեցվածք ունեն ՔՊ խմբակցության ղեկավարն ու կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ 2022 թվականի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ  Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է գնել։

Անշարժ գույք Կոնջորյանը ձեռք է բերել 2018 թվականին հեղափոխությունից անմիջապես հետո Երևանի Նոր Նորք վարչակ շրջանում։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 73 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով գրեթե կես մլն դրամով։

Կոնջորյանի կանխիկ դրամական միջոցները 2022 թվականի համեմատ 2023 թվականին ավելացել են՝ 1,5 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները 2023 թվականին կազմել են  9 մլն 950 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։

Ինչպես նախկինում գրել էինք, որ Հայկ Կոնջորյանի կնոջ եկամուտները «Հայ Փոստ»-ում աշխատելիս ամեն տարի գրեթե կրկնապատկվում են, նույնը կատարվեց նաև պատգամավորի ԱԺ-ից ստացվող աշխատավարձի հետ։ 2022 թվականի համեմատ 2023 թվականին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի աշխատանքի վարձատրությունն ավելացել է 2 մլն 80 հազար դրամով։

Կասկածելի է՝ ՔՊ խմբակցության աշխատանքի վարձատրության նման բարձրացումների պատճառը։

Կոնջորյանի կինը 2021 թվականին «ՀայՓոստ»-ից ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, դժվար է ասել: 2023 թվականին Կոնջորյանի կնոջ աշխատավարձը կրկին բարձրացել է՝ դառնալով 10 մլն 471 հազար դրամ։

Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ։

Կոնջորյանը և կինը հայտարարագրել են 2018 թվականին ձեռք բերված նույն բնակարանը, սակայն բնակարանի հիփոթեքի մասին մանրամասներ տեսնում ենք միայն կնոջ հայտարարագրում։ Այսպիսով, համետեղ սեփականությամբ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 882 հազար դրամ, որի համար կինը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 110 հազար դրամ գումար, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վճարելու համար է։

Էմմա Միքայելյան




Լրահոս