Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» եզակի միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է: Այն կանցկացվի ս․ թ․ հունիսի 16-ից 23-ը:
Փառատոնի ընթացքում մայրաքաղաքի գլխավոր երաժշտական հարթակներում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Իտալիայից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանից։
Խոսելով միջոցառման մասին՝ Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է. «Մենք կարևորում ենք աջակցությունը մշակույթին, դա հասարակության հետ փոխադարձ հաղորդակցության հաստատման ևս մեկ ուղի է Արդշինբանկի համար, բացի այդ, հենց մշակույթի շնորհիվ են փոխանցվում մարդկային արժեքները սերնդեսերունդ: Այսպիսով սա նպատակային ներդրում է Հայաստանի ապագայի համար»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է այս տարի փառատոնն անցկացվում Հայաստանում, միջոցառման գեղարվեստական ղեկավար, անվանի ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցը նշել է. «Ես միշտ ասում եմ, որ մշակույթը նման է ոսկու փոշու, որը հեշտ է տարածել, բայց դժվար է կուտակել: Հայաստանը հագեցած է դրանով, այս երկրի հողն աշխարհին տվել է երգիչների, երաժիշտների և կոմպոզիտորների մի ամբողջ սերունդ։ Ուստի մեզ համար այս փառատոնը Հայաստանում անցկացնելը մեծ իրադարձություն է և մեծ պատիվ։ Բացի այդ, Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև դեռ վաղուց ջերմ հարաբերություններ են հաստատվել, այդ թվում՝ մշակութային ոլորտում։ Տարիների ընթացքում իրականացվել են տարբեր համատեղ նախագծեր․ սկսած Երևանի և Սանկտ Պետերբուրգի օրերը նշելու միջոցառումներից ընդհուպ մինչ թատերական հյուրախաղերի անցկացումը։ Մենք անհամբեր սպասում ենք դասական երաժշտության սիրահարների հետ մեր հանդիպմանը, և լիահույս ենք, որ հայ հանդիսատեսը կսիրի մեր փառատոնը, և ժամանակի ընթացքում այն կդառնա ավանդական»։
Նշենք, որ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 16-ին, Զվարթնոցի պատմամշակութային հուշարձանի տարածքում, որտեղ հանդիսատեսն ականատես կլինի վառ երաժշտական և պատմական ներկայացման՝ նվիրված Մեծ Հայքի տիրակալ Տիգրան Մեծին։ Ներկայացումը ստեղծվել է նեապոլիտանական երաժշտական գրադարանի հետ համագործակցությամբ։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի և Պիչինիի օպերաների եզակի երաժշտությունը հայոց թագավորի մասին:
Հունիսի 18-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի կունենա մեծ համերգ, որը կմիավորի Ռուսաստանից ժամանած ամենաակնառու վոկալիստների՝ Մեծ, Մարիինսկի և Միխայլովսկի, ինչպես նաև Ազգային օպերայի և բալետի թատրոններից։ Համերգը նվիրված է մեծ բաս Ֆյոդոր Շալյապինին։
Փառատոնը կավարտվի հունիսի 23-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Հաղթողների գալա» համերգով, որի ընթացքում կհնչեն կինոերաժշտական աշխարհի գլուխգործոցներ՝ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրների կատարմամբ Ռուսաստանից և Իտալիայից:
«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը դասական երաժշտության ամենանշանակալի փառատոններից է։ Նրա հիմնական առանձնահատկությունը Սանկտ Պետերբուրգի պալատների յուրահատուկ ինտերիերում դասական երաժշտության կենդանի հնչողությունն է։ Ավանդույթի համաձայն համերգներին մասնակցում են համաշխարհային բեմի աստղեր և լավագույն ռուս կատարողները։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: