Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։
Շվեդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք Հայաստանի և Շվեդիայի գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը: Հայաստանը բարձր է գնահատում իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գործում շվեդական կառավարության ցուցաբերած աջակցությունը։
Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առավել խթանման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն կապերի սերտացման համատեքստում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստանի և Շվեդիայի համագործակցությանը՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի օգտագործմանը։
Մաղթում եմ Ձեզ և Շվեդիայի կառավարությանը՝ հաջողություն և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ շվեդ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։