Այս դժվարին պայմաններում կարողանում եք գտնել Հայաստանն անվտանգ ապագա տանող լավագույն ճանապարհները․ նախագահը՝ Միրզոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Ողջունելով նախարարին Հանրապետության նախագահը ասել է.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն համար Արարատ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:

Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափելով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»:

Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ:




Լրահոս