ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԶՈՒՐԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիոն երեք կուսակցությունների ներկայացուցիչները վերջերս մեծ շուքով մեկնեցին Բրյուսել` անդամագրվելու Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը` EPP-ին: Բայց պարզվում է` նույն այդ կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները միջազգային խորհրդարանական վեհաժողովներում EPP-ի փոխարեն անդամակցում են այլ խմբակցությունների: Իսկ սա, մեղմ ասած, տարօրինակ է, եւ նույնն է, թե ՕԵԿ-ական պատգամավորն անդամակցի ՀՀԿ խմբակցությանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն է EPP խմբակցության անդամ: Ավելին, «Ժառանգություն»-ը ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլեւ ԵԱՀԿ ԽՎ-ում, Եվրոնեսթում եւ մյուս բոլոր միջազգային կառույցներում անդամակցում է EPP խմբակցություններին: Իսկ ահա ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը EDG-ին՝ Եվրոպայի դեմոկրատների խմբակցությանը, իսկ մյուս անդամները՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, Գրիգորի Մարգարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը, անդամակցում են ԵԽԽՎ մեկ այլ խմբակցության՝ ALDE-ին՝ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ալյանսին: Այլ կերպ ասած՝ պատգամավորները մեկ այլ խմբակցության կազմում են, իսկ նրանց կուսակցությունները ցանկանում են անդամագրվել բոլորովին այլ կուսակցության: Իսկ սա խոսում է իշխանական կուսակցությունների` քաղաքական անպատասխանատվության մասին:
Ի դեպ, մասնագետների պնդմամբ` EPP-ին անդամագրվելը շատ բարդ ու դժվարին գործընթաց է: Բանն այն է, որ անգամ EPP խմբակցություններին միանգամից չեն անդամակցում. այդ նպատակով հարկավոր է, որ անդամագրվել ցանկացող կուսակցության ծրագրերը համապատասխանեն EPP ծրագրերին, եւ բացի այդ, EPP-ն նաեւ համապատասխան մոնիթորինգ է իրականացնում, որից հետո որոշում` թույլատրե՞լ հայտ ներկայացրած կուսակցությանն անդամակցել, թե՞ ոչ:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ-ական ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ՝ իր խմբակցությունը փոխելու եւ EPP-ին անդամակցելու խնդրանքով: Նա նաեւ հույս հայտնեց, որ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում ինքը հանդես կգա EPP կազմում: ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի խոսքերով` EPP-ին անդամագրվելը բավական բարդ ու երկարատեւ գործընթաց է` ի տարբերություն ԵԽԽՎ մյուս խմբակցությունների: Ըստ նրա` մյուս կողմից էլ կա քաղաքական գործընթացներից դուրս մնալու վտանգը, ուստի իրենք որոշել են այս պահին այդ հարցով հետամուտ չլինել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ՕԵԿ-ական ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը մեկնաբանեց, որ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն ի սկզբանե են անդամագրվել EPP-ին, իսկ ՕԵԿ-ը փորձել է EPP-ին անդամագրվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ի ժամանակ, երբ պատվիրակության ներկայացուցիչն էր Մհեր Շահգելդյանը, սակայն հետո այդ գործընթացը դադարեցվել է. «Այդ պրոցեսը ձախողվեց այն բանի պատճառով, որ ՕԵԿ-ը դարձավ կոալիցիայի անդամ, հետո Շահգելդյանն էլ դուրս եկավ այնտեղից, ու շարունակություն չեղավ: Երբ ես` որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, գնացի, ինքս հայտ ներկայացրի EPP-ին անդամագրվելու համար, ասացին հետեւյալը. «Մեզ մոտ քննարկումները տեւում են բավական երկար ժամանակ, քանի որ ձեզ չենք ճանաչում, պետք է բերեք անգլերեն թարգմանված ձեր ծրագիրը, կանոնադրությունը, կշփվենք, կտեսնենք, կմտածենք»: Նրանք նաեւ ասացին, որ իրենց որոշման համար նվազագույնը 6 ամիս, առավելագույնը` 1 տարի կպահանջվի: Ու քանի որ մեր խորհրդարանի լիազորությունների ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, այդպես էլ չշարունակեցի»,-պատմեց Գագիկ Բաղդասարյանը: Նա ասաց, որ փոխարենն իրենից որեւէ դժվարություն չի ներկայացնում նույն ALDE-ին անդամակցելը, քանի որ այնտեղ 5 րոպե խորհրդակցում են եւ ընդունում իրենց շարքերը:
Հ.Գ. Ի դեպ, ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադարձավ EPP-ին անդամակցելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բրյուսել կատարած այցին: Բախշյանը հայտարարեց, որ կոալիցիան ներկուսակցական խնդիրների համար օգտագործում է պետական միջոցները, մասնավորապես` տիկին Բախշյանը հիշեցրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերոջ հետ (նկատի ունի ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին) Բրյուսել էր մեկնել նախագահական ինքնաթիռով, ասել է թե` պետական միջոցները ծառայեցնելով բացառապես իրենց կուսակցությունների շահերին: Երեկվա դրությամբ Տիգրան Սարգսյանը չէր արձագանքել այս ելույթին եւ այն հերթական խոտանը չէր որակել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս