Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներից հետո սահմանագծի երկու կողմում տեղակայվել են երկու երկրների սահմանապահ զորքերը, և սահմանազատման հանձնաժողովների կողմից ապրիլի 19-ին ընդունված հայտարարության համաձայն՝ պետք է մինչև այս տարվա հուլիսի 1-ը հանձնաժողովները մշակեն և իրենց կառավարությունների հաստատմանը ներկայացնեն աշխատանքի կանոնակարգը, որի հաստատումից հետո շարունակելու են արդեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը։
Ծառուկյանը նշեց, որ երկու երկրների փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովներն արդեն իսկ ավարտել են սահմանազատման առաջին փուլը, որը վերաբերվում էր Տավուշի մարզի չորս գյուղերի համապատասխան հատվածներին։
Պատասխանելով այն պնդմանը, որ սահմանազատման այս գործընթացը պարտադրվել է Հայաստանին և զուրկ է որևէ օրինական ուժից՝ Գոռ Ծառուկյանը դրանք մանիպուլյացիա անվանեց և նշեց, որ սահմանազատման գործընթացի գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։