
Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը:
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։
Քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։