
Վրաստանին և Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հարաբերությունների վերաբեռնում՝ լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք շահագրգռված ենք առողջացնել վրաց-ամերիկյան հարաբերությունները։ Մենք դրան պատրաստ ենք և սպասում ենք ամերիկյան կողմի ընդառաջ քայլերին»,- ասել է վարչապետը։
Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի համար կարևոր է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը: «Մեզ համար կարևոր է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, սակայն ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը հավասարապես կարևոր է և՛ Վրաստանի, և՛ ԱՄՆ-ի համար»: Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է գործեն պրագմատիկ։
Վրաց-ամերիկյան հարաբերությունները լարվել են Վրաստանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով: Վաշինգտոնը հայտարարել է, որ վերանայելու է Թբիլիսիի հետ հարաբերությունները, վրացի պաշտոնյաների նկատմամբ կիրառելու է պատժամիջոցներ: