ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉԽԱՐՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ  
2011թ. անցած ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 135 հազ. գլուխ ոչխար, հիմնականում` Իրան: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, որի հավաստմամբ` չնայած ոչխարների արտահանման ծավալները մնում են բավական բարձր, այնուամենայնիվ, դրանց գլխաքանակը շարունակում է աճել: Նախորդ տարվա համեմատ ոչխարների եւ այծերի գլխաքանակն ավելացել է 35 հազարով եւ հասել 568 հազարի: Ըստ Գ. Բաղիյանի` առաջիկա տարիներին Հայաստանում ոչխարների գլխաքանակը կհասնի 1.5 մլն-ի:

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
 Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է   փոխքաղաքապետ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցությունը թեկնածու չի առաջարկել` նշելով, որ որոշել է պաշտպանել ՀՀԿ թեկնածուին: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցն առայժմ չի քննարկվել: Նորընտիր քաղաքապետը նշել է, որ շարունակելու է ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը. «Անդրադառնալու ենք նաեւ Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք ունեն փաստաթղթեր, եւ բանակցելով սեփականատերերի հետ` փորձելու ենք Աբովյան փողոցի մայթերը հանձնել բնակիչներին»:

ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամանակավորապես կասեցվել է  Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի հայցի քննությունն ընդդեմ «168 ժամ» թերթի: Դատական գործը կասեցվել է  թերթի փաստաբանի միջնորդությամբ: Նշենք, որ թերթի հրապարակումներից հետո ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել տնօրենի դեմ`  պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

ՍՐԱ ՆՄԱՆՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին: Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղ. Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունու քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011թ. հոկտեմբերին  ստացել է առանձնապես խոշոր չափի` 12.000 ԱՄՆ դոլար կաշառք: Հիշեցնենք, որ Քեշիշյանն այն ոստիկանն էր, ում ցուցմունքի հիման վրա կալանավորվել էր բռնցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը:  

ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ «ԿՊՑՆԵԼ»
Վրաստանն այլ երկրներից փախուստի դիմած, վախեցած կապիտալը պետք է բռնի: Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է «Վրաստանի բանկ»-ի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ: «Վրաստանը կապիտալի լվացման համար ամենալավ վայրն է: Մենք չպետք է բաց թողնենք այն հնարավորությունը, երբ որեւէ մեկի գործերը լավ չգնան, եւ այլ երկրներից վախեցած կապիտալը զավթենք»,-ասել է Սահակաշվիլին:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով` բյուջեի ավելացման աղբյուրները բազմաթիվ են եւ առերեւույթ: ««Ժառանգություն»-ը տարիներ շարունակ ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ եւ առաջարկներ, որոնց ընդունումն ու իրականացումը կբերի այնպիսի բյուջեի ձեւավորմանը, որը կնպաստի օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելուն եւ մարդակենտրոն քաղաքական համակարգ ստեղծելուն»,-երեկ ԱԺ-ում ասել է  պատգամավորը:




Լրահոս