«Ժողովուրդ»-ը նախորդ համարում, հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ: Ըստ լուրերի՝ քրգործի հարուցման որոշումը կայացվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցից հետո:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանն ասաց. «Ինքս հետամուտ եմ լինելու, որ նա պատժվի, որովհետեւ Լիսկան, բացի գողից, նաեւ խուլիգան է»: Անդրադառնալով այն փաստին, որ միջադեպի ժամանակ ներկա պատգամավորները չեն հաստատել Խաչատրյանի կողմից իրեն ծեծելու փաստը, Համբարձումյանն ասաց. «Վախենում են, պատգամավոր են, բիզնես ունեն: Իսկ պատգամավորներից Սամվել Սարգսյանը միջադեպի ժամանակ սկզբից մինչեւ վերջ տեղում է եղել, նույնիսկ նրա փոխարեն ինքն է ներողություն խնդրել ինձանից»: Նա նաեւ ասաց, որ միջադեպին, բացի ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանից, ներկա է եղել մեկ այլ պատգամավոր` Խաչիկ Մանուկյանը, ինչպես նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Սիլվա Համբարձումյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` պահանջով, որ իրեն տրամադրի անվտանգությունն ապահովողներ: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդեն 2 օր է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ մոտ օրերս ՀՔԾ կհրավիրվեն ինչպես պատգամավորները, այնպես էլ երկու մարզպետերը:
ԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ