ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մամուլի ակումբը ներկայացրել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի`2024թ. հունիսի 3-ի փորձագիտական կարծիքը «Զարուհի Հովհաննիսյանն ընդդեմ Oragir.news-ի գործով։

Oragir.news լրատվական կայքում հրապարակված՝ «Ոստիկանները խաբել են, որ պաշտոնյան երեխա առեւանգի. 20 օր է՝ տղայիցս լուր չունեմ. բացառիկ տեսանյութ» վերնագրով նյութի վերաբերյալ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի բողոքի
կապակցությամբ Ա․ ՓԱՍՏԵՐ
• 2024թ․ ապրիլի 11-ին Դիտորդ մարմին է դիմել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ Oragir.News լրատվական կայքում ապրիլի 2-ին հրապարակված
«Ոստիկանները խաբել են, որ պաշտոնյան երեխա առեւանգի. 20 օր է՝ տղայիցս լուր չունեմ. բացառիկ տեսանյութ» վերնագրով նյութի կապակցությամբ։ Բողոքում նշվում է, որ նյութը հիմնված է ակնհայտ սուտ տեղեկությունների վրա, ուղեկցող տեսանյութում ցուցադրվում են հոր հետ ապրող երեխային տնից դուրս բերելու տեսարաններ, որոնցում երեւում են երեխայի եւ նրա մոր դեմքերը։ Տեսանյութը կազմված է միայն հոր խոսքից, որը երեխայի հետ կապված
խնդիրների համար մեղադրում է նրա մորը։ Սրանով, ըստ դիմումատուի, խախտվում է լուսաբանման
հավասարակշռությունը։ Դիմումատուն նշում է նաեւ, որ տեսանյութի մեկնաբանությունների դաշտը պարունակում է ատելության խոսք եւ բռնության կոչեր։ Լինելով երեխայի եւ նրա մոր հետ աշխատող մասնագետ՝ դիմումատուն տեղեկացնում է, որ երեխան որոշ ժամանակ Կանանց
աջակցության կենտրոնի ապաստարանում է եղել, ստացել է մասնագիտական աջակցություն, դուրս գալուն պես տեսել է
խնդրո առարկա տեսանյութն ու նորից ընկել հոգեբանական ծանր վիճակի մեջ:

Զարուհի Հովհաննիսյանը ԴՄ-ին խնդրում է քննել լրատվամիջոցի հրապարակման համապատասխանությունը էթիկայի կանոններին։ «Նյութը անհապաղ պետք է հեռացվի համացանցից՝ որպես մարդու իրավունքների եւ հատկապես երեխայի իրավունքի լրջագույն խախտում», – նշվում է բողոքի մեջ:
• Քննության առնելով դիմումը՝ Դիտորդ մարմինը պարզաբանման համար դիմել է Oragir.News-ի խմբագրությանը։ Ի պատասխան՝ խմբագրությունը տեղեկացրել է, որ նյութը պատրաստելու շրջանում կայքի թղթակիցը փորձել է կապ հաստատել երեխայի մոր հետ, սակայն չի կարողացել, տվյալներ չի գտել։ Երեխայի
նույնականացման առնչությամբ, ըստ խմբագրության, նրա անունը նյութում նշված չէ, տեսանյութն անորակ է, նկարված է հեռվից, եւ երեխայի դեմքը չի երեւում։ Հավասարակշռությունը պահպանելու համար Oragir.news-ը պատրաստակամություն է հայտնել հարցազրույց վերցնել նաեւ երեխայի մորից եւ ներկայացնել վերջինիս տեսակետը։
• Դիմումատուի հետ լրացուցիչ զրույցի ժամանակ ԴՄ-ն
որոշ հավելյալ տեղեկություններ է ստացել, մասնավորապես այն, որ երեխայի հոր նկատմամբ քրեական վարույթ է հարուցված՝ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն կիրառելու կասկածանքով։
• Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ ստանալու բողոքի վերաբերյալ իրավական
խորհրդատվություն։

Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենք
Հոդված 22. 1. Իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի եւ(կամ) ընտանիքում բռնության
ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանիքում բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա

բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`
4․1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ:
4.3. Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են:
4.4. Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝
«Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով։
4.5. Երեխայից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ ստանալ երեխայի եւ նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր եւ անպայման երեխային հասկանալի լեզվով։ Համաձայնությունը պետք է լինի ինքնակամ, եւ բացառվի պարտադրանքի որեւէ ձեւ։

6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։
6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։
III. «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշման հիման վրա ԴՄ մշակած ուղեցույց
• Նկատի ունենալ, որ խմբագրություններն այլ հեղինակների մեկնաբանությունների համար պատասխանատվությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե կարող են

հիմնավորել, որ տեղյակ չեն եղել եւ օբյեկտիվորեն չէին կարող տեղյակ լինել նման գրառումների առկայության մասին,
• թեպետ ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանությունների պրեմոդերացիա չի պարտադրում, այսուհանդերձ, խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում մոդերացնել դրանց հրապարակումը՝ հետեւելով, որ մեկնաբանությունների
սյունակներում չհայտնվեն ակնհայտ ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ
քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումներ,
• եթե, այնուամենայնիվ, հայտնվում են նման գրառումներ, ապա հայտնաբերելու դեպքում ավելի նպատակահարմար է դրանք որքան հնարավոր է արագ հեռացնել, քան ձեւականորեն սպասել եւ ծանուցում ստանալուց հետո միայն հեռացնել,
• եթե լրատվամիջոցը մեկնաբանություններում չի նկատել ակնհայտ ատելության խոսք, բռնության կոչ կամ ակնհայտ
վիրավորանք պարունակող գրությունները, սակայն անձը, որի հասցեին եղել են դրանք, այդ մասին ծանուցել է
խմբագրությանը, ապա խորհուրդ ենք տալիս ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում հեռացնել նման
մեկնաբանությունները:
IV. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ
4.9. Դիտորդ մարմինն Ինքնակարգավորման նախաձեռնության ոչ անդամների հրապարակումների վերաբերյալ բողոքների
քննությունից հետո ընդունում եւ հրապարակում է փորձագիտական կարծիք կամ հայտարարություն:
4.13. Նախաձեռնության անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում հրապարակման վերաբերյալ ներկայացնել փորձագիտական կարծիք։

Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով բողոքը, լրացուցիչ պարզաբանումներ ստանալով կողմերից, խորհրդակցելով Տեղեկատվական վեճերի խորհրդի հետ,

• արձանագրում է, որ թեեւ Оragir.news-ի գլխավոր խմբագիրը նշում է, թե խնդրո առարկա տեսանյութի որակի կամ պատկերված մարդկանց հեռու գտնվելու բերումով հնարավոր չէ նույնականացնել երեխային եւ նրա մորը, այդուհանդերձ, ԴՄ-ն համարում է, որ նրանց կարելի է
նույնականացնել, օրինակ՝ տեղանքի, երեխայի հագուստի, նրա դեմքի ուրվագծերի եւ հարցազրույց տվող հոր միջոցով։
• Տեղեկատվաան վեճերի խորհրդից ստացված կարծիքի համաձայն՝ իրավական կարգավորումներն ուղղակիորեն արգելում են առանց ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկվածի համաձայնության, զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը։ Այս
իմաստով, արձագանքելով Զարուհի Հովհաննիսյանի պահանջին՝ հեռացնել խնդրահարույց տեսանյութը, ՏՎԽ-ն արձանագրել է, որ օրենքի խախտման խնդիրը եւ լրատվական նյութը հեռացնելու
նպատակահարմարությունը կարող է քննել դատարանը։

• Նյութի միակողմանի լինելու մասին պնդման առնչությամբ՝ ԴՄ-ն ի գիտություն է ընդունում Oragir.news-ի պարզաբանումը, ըստ որի` լրագրողը փորձել է, սակայն չի կարողացել ներկայացնել երեխայի մոր տեսակետը, որովհետեւ կոնտակտ չի գտել։ Այս իմաստով ընդունելի է նաեւ այն, որ լրատվական կայքը պատրաստ է երեխայի մորը տալ իր տեսակետը ներկայացնելու
հնարավորություն։ Թեեւ տեսանյութում ներկայացված է միայն երեխայի հոր հետ զրույցը, սակայն ԴՄ-ն դրական է գնահատում այն հանգամանքը, որ ուղեկցող տեքստում ներկայացված է նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի պարզաբանումը, նաեւ փորձ է արվել ներկայացնելու երեխայի դպրոցի տնօրինության
պարզաբանումը։
• Քննարկման առարկա նյութն ուղեկցող, YouTube պորտալում առկա տեսանյութի մեկնաբանություններում երեխայի մորն ուղղված ատելության խոսքի, բռության կոչերի, վիրավորանքի բազմաթիվ դրսեւորումներ կան, որոնք լրատվամիջոցի կողմից մոդերացիայի չեն ենթարկվել։ Սույն բողոքն ստանալուց եւ, փաստորեն,
խնդրահարույց մեկնաբանությունների առկայության

մասին տեղեկանալուց հետո էլ դրանք չեն հեռացվել (փորձագիտական եզրակացության հրապարակման պահին դրանք դեռ առկա են), ինչը հակասության մեջ է մտնում ՄԻԵԴ-ի՝ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով կայացված եւ հայաստանյան օրենսդրության մաս հանդիսացող նախադեպային վճռի պահանջների հետ։
Սովորաբար, Դիտորդ մարմինը հորդորում է լրատվամիջոցներին՝ տարածել գործի վերաբերյալ ընդունված եզրակացությունները կամ փորձագիտական կարծիքները։ Այս պարագայում, հաշվի առնելով հարցի զգայունությունը երեխայի լավագույն շահի տեսանկյունից, ԴՄ-ն զերծ է մնում սույն փորձագիտական կարծիքը տարածելու կոչից։ Նույն նկատառումներից ելնելով՝ ԴՄ-ն Oragir.News լրատվական կայքի խմբագրությանը խորհուրդ է տալիս քննության առնել խնդրահարույց նյութը ցանցից հեռացնելու հարցը:

Ընդունվել է 2024 թ. հունիսի 3-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
պրոֆեսոր Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի
հանձնաժողովի նախագահ Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 82-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է
2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման
նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին:




Լրահոս