ՏԿԵ նախարարին զեկուցվել է աղետի գոտում երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր անց է կացվել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախ ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Զեկուցվել է, որ հեղեղումներից տուժած բնակավայրերում շարունակվում են ակտիվորեն իրականացվել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։

Զեկուցվել է՝ երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը:

Հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ:

էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ակտիվ ընթացքի մեջ են:

Գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Եվս մեկ անգամ կարևորվել է գույքագրումն առավելագույն ճշգրտությամբ իրականացնելու անհրաժեշտությունը:

Ներկայացվել է հումանիտար աջակցության բաշխման ընթացքը: Նշվել է, որ օգնությունը աղետից տուժած բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է ամենօրյա ռեժիմով: Հատկացվում է նաև հագուստ, դեղորայք՝ ըստ կարիքների:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է: Ոլորտի մասնագետները շարունակում են իրազեկման միջոցառումները, իրականացվում է իրավիճակի վերահսկողություն:

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով հունիսի 6-ին Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։

«Այնուհանդերձ տվել եմ մի շարք հանձնարարականներ․ առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով»,- ասել է նախարար Գնել Սանոսյանը:




Լրահոս