Ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երեւան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
Կրթական հիմնական ծրագիրը հաջողությամբ ավարտել է 73 շրջանավարտ, որոնց ավելի քան 80 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Կենտրոնն այս պահին ունի 200-ից ավելի ակտիվ սովորողներ:
Ողջունելով շրջանավարտներին եւ շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարեւորել է պետության համար գերակա ուղղություններից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական եւս մեկ հետաքրքիր ծրագիր ունենալու՝ Թումոյի ընձեռած հնարավորությունը:
«Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը բազմաթիվ դժվարությունների եւ փորձությունների միջով է անցել այս փուլին հասնելու համար: Միջազգային նմանօրինակ կրթական ծրագրի շրջանավարտ հանդիսանալն, իսկապես, կարեւոր ձեռքբերում է: Անկասկած, թե՛ տեղական, թե՛ միջազգային աշխատաշուկայում լայն հնարավորություններ կունենաք:
Կարծում եմ՝ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի շարքում «42 Երեւանը» ունի իր ուրույն տեղն ու կարեւոր դերակատարությունը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Կենտրոնը բաց է օրը 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ ուսուցման ծրագրի ժամանակացույցը կազմվում է սովորողի ընտրությամբ:
«Շրջանավարտներն այս կրթական ծրագրի շրջանակում մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ են ստացել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ զարգացրել են բազմաթիվ հմտություններ, որոնք կարեւոր են թե՛ աշխատանքային միջավայրում փոխհարաբերությունների եւ հաջող կարիերայի ձեւավորման, թե՛ նաեւ որպես քաղաքացի արդյունավետ գործունեության ծավալման տեսանկյունից»,- համոզմունք է հայտնել Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառմանը մասնակցել եւ շրջանավարտներին ավարտական վկայականներ են հանձնել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գլխավոր տնօրեն Պեգոր Փափազյանը եւ այլք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը ողջունել է շրջանավարտներին եւ հետագա հաջողություններ մաղթել նրանց: Ֆրանկ Հեսն ընդգծել է՝ ԵՄ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կրթության համակարգին, մասնավորապես՝ հանրակրթության բարեփոխումներին:
Միաժամանակ, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը ԵՄ բյուջետային աջակցության շրջանակում կարեւորել է նաեւ ոչ ֆորմալ կրթության զարգացումը, որի լավագույն օրինակներից է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
«42 Երեւանը» ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլի, Ռիո դե Ժանեյրոյի, Մոսկվայի, Ամստերդամի եւ աշխարհի 26 այլ քաղաքների ծրագրավորման կենտրոններ:
Երեւանը ծրագրին միացել է 2020 թվականին՝ աշխատաշուկայի համար ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ապահովելու առաքելությամբ:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՈԻՆԻՍՄԵԿՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երեւանի բուսաբանական այգում երեխաների համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
Ժամը 12։00-ին կբացվի «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։
Ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթությամբ զբաղվող կազմակերպություններին եւ դպրոցներին` ստեղծելով hարթակ հետագա համագործակցության համար։
Կլինեն ազգային պարեր, երեխաների համար ազգային պարերի ուսուցում, ազգային խաղեր, բնապահպանական աշխատարաններ (միջատների հյուրանոց, ծառերի ձեւավորում, պատվաստ, գիտափորձեր, «երկրորդ կյանք» թափոնին, կանաչ ապրելակերպի խրախուսում), բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն, թեմատիկ քննարկումներ եւ դասախոսություններ։
Հունիսի 1-ին Երեւանի բուսաբանական այգու մուտքն անվճար է։
ՊԱՐՏԱԴՐԵԼ Է ԾԱԽԵԼ ԿՐԿԵՍԻ ՏՈՄՍԵՐԸ
Տավուշի մարզպետը Հայկ Ղալումյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին պարտադրել է , որ նրանք աշակերտներին վաճառեն էկզոտիկ կենդանիներ ցուցադրող շրջիկ կրկեսի ելույթների տոմսերը։ Իր հերթին Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը դպրոցի դասղեկներին պարտադրել է 5-8-րդ դասարանների աշակերտներին 1000 դրամով վաճառել շրջիկ կրկեսի տոմսերը։ Որոշ ծնողներ ընդդիմացել են, զայրացած գնացել են Հաղարծնի դպրոց, հայտնել, որ իրենց երեխան օձերից վախ ունի, ալերգիա ունի էկզոտիկ կենդանիների հանդեպ։ Հաղարծնի շատ ծնողներ սոցիալապես վատ վիճակում են, նրանց համար տոմսի 1000 դրամը քիչ փող չէ, սակայն Գոհար Թամամյանից վախեցել են, ուստի բողոքել են լրագրողիս։ Հաղարծնի դպրոցի դասղեկների, ուսուցիչների չաթում տնօրեն Գոհար Թամամյանը զգուշացում է արել դասղեկներին, հայտնելով. «Հաղարծնի միջն. դպրոցում մայիսի 17-ին էկոզոտիկ կենդանիների ցուցադրություն է լինելու; Մարզի բոլոր դպրոցներում իրականացվել է բարձր մակարդակով՝ մարզպետի գրության հիման վրա; 5-րդ դասարաններից մինչեւ 8-րդ դասարանները պարտադիր մասնակցում են, չմասնակցելու դեպքում դասղեկների գումարից պահվելու է, դասղեկի պարտականությունների մեջ է։ Մարզպետարանին հաշվետվություն պետք է տանք»։ Հետո Գ. Թամամյանը դասղեկներին հայտնել է, որ մարզպետարանից զանգել են՝ տոմսերի վաճառքի վիճակը ճշտելու համար, պատվիրել է հետեւել տոմսերի վաճառքի վիճակին, նրանց նախատել է ,որ կարգին դասղեկություն չեն անում, դասամատյանները ճիշտ չեն լրացնում, սպառնացել է դասղեկների անունները հայտնել ԿԶՆԱԿ։ Մեր Լրագրողի ձեոքի տակ է նաեւ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի գրությունը, որտեղ նա «Մադագասկար» շարժական կենդաբանական այգու գովազդն է արել, որ այդ կրկեսը երեխաների սերն է առաջացնում կենդանիների հանդեպ, Ա. Գեւորգյանը հայտնել է, որ երեխաները կարող են կերակրել կենդանիներին, նկարվել նրանց հետ։ Մարզպետարանի գլխավոր քարտուղարը մարզպետարանի ենթակա դպրոցների տնօրենններին խնդրելէ տրամադրել համապատասխան տարածք, աջակցել միջոցառման գործընթացին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ մարզպետարանի պաշտոնյաներն իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, դպրոցների տնօրեններին պարտադրել են մասնավոր բիզնես շրջիկ կրկեսին դպրոցում տարածք տրամադրել, պարտադրանքով աշակերտներին տոմսեր ծախել, ինչը օրենքով անթույլատրելի է: Անթույլատրելի է նաեւ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանի սպառնալիք-պարտադրանքը դասղեկներին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ