ՊԱՐԶԵԼ ԵՆ՝ ՍՐԲԱԶԱՆԸ ԳՈՐԾԱԿԱԼ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։

Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լեւոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը ԿԳԲ գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից, եւ այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լեւոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել: Ինչ վերաբերում է Դավիթ Լեւոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով եւս քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«Սուտ մատնություն է համարվում` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը։ Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազություն կամ որեւէ այլ իրավասու մարմին հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել», – հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել եւ պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան, իբրեւ թե՝ ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու մեջ։
««Լրագրողական արհեստավարժ, առարկայական եւ անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից եւ բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։
Այսպիսով՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին եւ նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա-էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»,- նշել էր շարժումը։
Նշված հաղորդման առնչությամբ ստուգումներ են իրականացվել ԱԱԾ-ում, որի արդյունքում, փաստորեն, հաստատվել է, որ իշխանամերձ շրջանակը զրպարտել է Բագրատ Սրբազանին։ Նշենք, որ Բագրատ Սրբազանի անունից արդեն իսկ հայցադիմում է ներկայացվել Երեւանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Դավիթ Լեւոնյանի եւ «ՔՊ»-ի՝ (civic.am)-ի՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման պահանջով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լ. ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ
Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը համաներվեց:
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը Երեւան քաղաքի Ավանի դատարանում էր։ Նա մեղադրյալի աթոռին էր 2018 թվականի հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու քրեական գործով։ Նա իր վերջին խոսքը ասաց դատարանում։
Մեղադրող դատախազը պահանջել էր 11 տարվա ազատազրկում։
Սակայն արդյունքում, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, ինչը նշանակում է, որ Երանոսյանը նշանակված պատիժը չի կրի։

ԽԱՌՆԱՇՓՈԹ՝ «ՔԱՐՖՈՒՐ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գիշերը ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Քարֆուր» սուպերմարկետի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղում: Ժամը 22:05-ին անհայտ անձը «Քարֆուր» սուպերմարկետից գողացել է 3 շիշ խմիչք, որից երկուսը վերադարձրել է, իսկ մյուսը՝ դանակի սպառնալիքով բացահայտ հափշտակել եւ դիմել է փախուստի։
Իրավապահները պարզել են, որ դանակի սպառնալիքով խմիչք հափշտակած անձը 1993 թվականին ծնված Գ.Մ-ն է. ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի եւ 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը փոխադրվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
Տաթեւիկ Սարուխանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Արթուր Հեբոյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Արսեն Եղիազարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
Արմեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ
Երեկ՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սեւանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Անահիտ Մնացականյանի հարազատներից Վահան Ազիբեկյանը դեպքի վերաբերյալ ասաց. «Դեռ դատաբժիշկը չի ուսումնասիրել, դեռ որեւէ բան չկա, օդից որեւէ վարկած չեմ կարող ասել»:
Նրա խոսքով՝ Անահիտը վերջին շրջանում ուներ ծանրաբեռնված գրաֆիկ, այդ 2 օրն ազատ էր, որոշել էր գնալ հանգստի: Այնտեղ եղել է միայնակ:
Հիշեցնենք, որ երեկ՝ վաղ առավոտից, համացանցում հայտարարություններ էին տարածվում, որտեղ նշվում էր, որ մայիսի 31-ի կեսգիշերից Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 11։15-ին, Սեւանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ էր ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա. Մնացականյանի հագուստը եւ իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։ Այս մասին գրել էր ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Դեպքի առթիվ 2024 թ. հունիսի 1-ին՝ անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկսվել է նախաքննություն, նաեւ իրականացվել են որոնողական աշխատանքներ։
2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սեւանա լճում՝ ափից 65-70 մետր հեռավորության վրա՝ 4 մետր խորությունից հայտնաբերվել է Երեւան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա. Մնացականյանի դին։
Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։
Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», – ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս