ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՈՒՅԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի մայիսի 31-ին Երեւանում՝ Ինժեներական քաղաքում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացման արարողությունը։ Կենտրոնում տեղադրված է տարածաշրջանում առաջին՝ «Ազնավուր» գերհամակարգիչը, որն անվանակոչվել է ի պատիվ ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրի։

Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ Այս բացառիկ կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը, ՀՀ ԳԱԱ-ն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ԱԹՈՍ (ներկայում՝ Էվիդեն) ընկերությունը։
Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են պետական, դիվանագիտական, գիտական եւ մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ։
Կենտրոնում տեղադրված «Ազնավուր» գերհամակարգիչը նվիրաբերվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին Ֆրանսիայի Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը միջոցառման ժամանակ շեշտեց, որ հայրը, ում պատվին անվանակոչված է գերհամակարգիչը, հետաքրքրված էր ժամանակակից տեխնոլոգիաներով ու նորարարություններով։ «1980-ականներին հայրս արդեն համակարգիչ ուներ, որն օգտագործում էր տեքստեր գրելիս եւ երգ ձայնագրելիս։
Թերեւս դա էր պատճառը, որ վաղ տարիքից տարված եմ եղել տեխնոլոգիաներով։ Հուսով եմ, որ այս սուպերհամակարգիչը կոգեշնչի հետազոտողներին հասնել մեծ առաջընթացի», – ասել է Նիկոլա Ազնավուրը։
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը նշել է, որ «Ազնավուր» գերհամակարգչի ձեռք բերումը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի եւ Ֆրանսիայի Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի 25 տարվա համագործակցության արդյունք է։
Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է, իսկ Եվրասիական տնտեսական միության մեջ երկրորդ երկիրն է, որտեղ նման գերհամակարգիչ է տեղադրվել։ Այս նորագույն ենթակառուցվածքը լուրջ խթան է Հայաստանում հաշվողական գիտության զարգացման համար, ինչը շղթայական դրական արդյունքը կունենա գիտության մի շարք ուղղությունների շարունակական առաջընթացի համար։
«Ազնավուր» գերհամակարգիչն ունի 1 տերաֆլոպ հզորություն եւ վայրկյանում տեսականորեն կարող է իրականացնել 10 15 գործողություն: Այն բաղկացած է մոտ 24.500 միջուկներից՝ միացված արագագործ կապուղիներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաշվողական խնդիրներ։
Գիտնականներն ու հետազոտողները, մասնավոր եւ պետական ոլորտները կարող են հասանելիություն ունենալ մինչեւ 1500 տերաբայթ հիշողության սարքերի:
«Գերհամակարգիչը կարող է օգտագործվել արհեստական բանականության, տվյալագիտության, թվային գիտության, ամպային, մեքենայական ուսուցման, քվանտային ֆիզիկայի, աստրոֆիզիկայի, կենսաինֆորմատիկա եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Նման գիտությունները զարգացնելու համար հզոր հաշվողական ռեսուրսներ են պետք։ Շնորհակալություն մեր գործընկերներին աջակցության համար, որը հնարավորություն տվեց իրականացնել մեր այս երազանքը», – ասաց Հրաչյա Ասցատրյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ
կապերի բաժին

ԸՆԹԱՑՔԸ ԵՐԿԱՐ Է ՏԵՎՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին։
«Հաշվի առնելով, որ գործընթացը 2021 թվականից է սկսվել, կարծում եմ, որ մի փոքր անտրամաբանական երկար է տեւում այս ընթացքը»,- ասել է նա՝ անդրադառնալով մրցույթին։
Նա նկատել է, որ չի կարող հասկանալ «անվերջանալի մրցույթների տրամաբանությունը».
«Ավելի քան մեկ տարի է 7 սուբյեկտ է ընտրվել, որ պետք է անցնի երկրորդ փուլ, ինչ-որ շատ երկար է տեւում այս երկրորդ փուլը, չասեմ, որ առաջին փուլն էլ էր անտրամաբանական շատ երկար։ Միգուցե այդքան աշխատանք կար անելու՝ ամեն մեկի մասով, բայց, համենայնդեպս, մենք չէինք ուզում վերջնական մանրամասն նախագիծ, այլ կոնցեպտուալ առաջարկ՝ որոշակի մակարդակով»։

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ

Երեւանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին հայտարարվեց քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նշվեց, որ ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզների տեղանքները, գործող խմբերն ու հատակագծերը:
Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչեւ 1700 տեսահսկման կետ ունենալ:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Երեւանի քաղաքապետի. 2023 թվականի նոյեմբերի 29-ի հ.3932-Լ որոշմամբ սահմանվել են Երեւան քաղաքում 4-րդ եւ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողի կողմից շինարարական հրապարակի տարածքում տեղադրվող օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեխնիկական չափորոշիչները եւ առցանց հարթակի հասանելիության պայմանները։
Համաձայն Երեւան քաղաքի ավագանու՝ 2012 թվականի մարտի 16-ի հ. 405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 5,2-րդ ենթակետի՝ 4-րդ եւ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ:
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, կարող են դիմել «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ (հեռ. 011-514-707)»:

ԳԵՏԸ ՄՈՏ ԿԵՍ ՀԱ Է ՔՇԵԼ-ՏԱՐԵԼ
Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Սարգսյանից տեղեկացանք, որ մայիսի 26-ի ջրհեղեղը վնասել է գյուղի դաշտերը, այգիները ոռոգող պոմպակայանը։ Վարարած Դեբեդը քշել-տարել է մի քանի դեբեդավանցիների պատկանող հողերից 1000-2000 քառակուսի մետր տարածք՝ այգիներ, գյուղատնտեսական ցանքեր, անմշակ հողեր։ Վարարած գետն ընդհանուր առմամբ Դեբեդավանից քշել-տարել է մոտ կես հեկտար տարածք։ Ամեն տարի գրավոր դիմում ենք (2021թ. ապրիլի 8-ից) Տավուշի մարզպետ պաշտոնավարող Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով, թե պետական բյուջեից, այլ կազմակերպություններից ինչքա՞ն գումար է նախատեսված Դեբեդի ափն ամրացնող աշխատանքների համար: Մարզպետն էլ միշտ պատասխանել է ,որ նման գումարներ պետական բյուջեից, այլ աղբյուրներից նախատեսված չեն։ Գրեթե ամեն տարի վարարած Դեբեդը Դեբեդավանից հողեր է քշում-տանում։ Առնվազն վերջին 15 տարում Դեբեդի աջ` հայկական ափը պաշտպանող, ամրացնող աշխատանքներ չեն կատարվել, իսկ գետի մյուս՝ ձախ ափը վրացական կողմն ամրացրել է ժայռերով եւ փոքր քարերով։ Դեբեդավանի վարչական ղեկավարն ասաց, որ ջրհեղեղը վնասներ է հասցրել գյուղի այգիներին, ցանքատարածություններին. իրենք վնասների մասին հայտնել են Նոյեմբերյանի համայնքապետարան։ Սակայն վնասների ամբողջական չափը հայտնի կդառնա, երբ ափամերձ տարածքները լիովին ազատվեն ջրից։

ՄԵԾ ՓՈՍԵՐ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մայիսի 23-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հիմնական սահմանագոտով ձգվող ճանապարհը փակ է, երթեւեկը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհով։ Շրջանցիկ, լեռնային տեղանքով ձգվող այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին շատ է աճել, քանի որ Ալավերդու տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով` որոշ տեղերում ճանապարհի փլուզման պատճառով Ալավերդիով անցնող ճանապարհը փակ է։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհին արդեն շուրջ 15 մեծ ու փոքր փոսեր են առաջացել, որոնք խոչընդոտում են երթեւեկին։ Սահմանազատման անվան տակ այլ տարածքների հետ Կիրանցի կամուրջը եւս ճանաչվել է Ադրբեջանի տարածք. առաջիկայում այդ կամրջով երթեւեկը կարգելվի, իսկ Աճարկուտ գյուղով ձգվող շրջանցիկ ավտոճանապարհը նոր են կառուցում։

ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է 2-ՈՎ
Տավուշի մարզն ունի 5 քաղաք եւ 57 գյուղ։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 1998 թվականին Տավուշի մարզում գործել է 52 նախադպրոցական հաստատություն, ուր հաճախել է 2098 երեխա։ 26 տարի անց՝ 2024 թվականին, մարզում գործում է 54 նախադպրոցական հաստատություն, ուր հաճախում է 3203 երեխա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս