Տպավորություն է՝ կարծես հայկական ֆուտբոլում քաոս է, որը գնալով խորանում ու անկառավարելի է դառնում: Հայաստանի առաջնության այս տարվա հաղթող Երեւանի «Փյունիկ»-ը հայտարարում է, որ խաղադաշտի, մարզումների խնդիր ունի եւ ստիպված է դիմել ՈՒԵՖԱ՝ Վրաստանում խաղերն անցկացնելու թույլտվություն ստանալու համար. բրոնզե մեդալակիր «Արարատ Արմենիա»-ն եւս, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ, քանզի Հայաստանի գավաթը նվաճելուց հետո՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվեց պարգեւ ընդունել ֆեդերացիայի նախագահի ձեռքից եւ, ըստ շրջանառվող լուրերի, այժմ ֆեդերացիայից պահանջում են թիմի ղեկավարությունից հեռացնել Մինասյանին, այլապես նրանք էլ «կարժանանան» «Փյունիկի»-ի ճակատագրին: Ավելին՝ առժամանակ առկախվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մի հատվածի հնարավոր վաճառքը կամ փոխանցումը «Արարատ Արմենիային», ինչի մասին խոսել էին տվյալ թիմի ղեկավարները՝ ըստ էության հաստատելով, որ նման բանակցություններ ընթանում են: Ինչ վերաբերում է արծաթե մեդալակիր «Նոա» ակումբին, ապա ֆուտբոլային որոշ մասնագետներ կարծում են, որ այն ամեն վայրկյան կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն պայքարում են բուքմեյքերական ընկերությունների՝ ֆուտբոլում աճող ազդեցության դեմ ու վարում են քաղաքականություն, որն ուղղված է վերջիններիս ֆուտբոլից դուրս մղելուն եւ այն «մաքուր» պահելուն, ինչն ավտոմատ նշանակում է, որ այս ակումբը, շատ հավանական է, որ կունենա խնդիրներ: Չի բացառվում նաեւ, որ «Նոա»-ի խոցելի լինելը կարող է օգտագործվել ֆեդերացիայի ղեկավարության կողմից՝ թիմը «կանտրոլի» տակ պահելու համար:
Հիշեցնենք, որ «ՆՈԱ» ակումբի նախագահը Վարդգես Վարդանյանն է, ով «Դիջիթեյնի» հիմնադիրն է, որը մինչեւ 2017 թվականը կոչվում էր «Տոտո Գեյմինգ»:
Հ.Գ ՀՖՖ-ն ներկայիս ղեկավարները, որոնք նախկին լրագրողներ են, կառույցը դարձրել են շատ փակ ու անհասանելի լրագրողներիս համար: Մենք չենք ստանում ոչ հարցումների պատասխաններ, ոչ ունենում ենք բանավոր հարցադրումների հնարավորություն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ մինչ նախարար դառնալը՝ արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, եւ այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչեւ նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչեւ 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչեւ վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոց» կարվի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը օրերս կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների: Օրակարգը նույնն է՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը: Հանձնաժողովի կազմում ներգրավված են նաեւ ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը: Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների եւ պատգամավորների հետ: Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, Վարդան Օսկանյանի եւ Արցախի իշխանությունների նախորդ հանդիպման ժամանակ, որը մայիսի 6-ին էր կայացել, Օսկանյանը գնահատել էր հանդիպման արդյունքները՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դեռ շատ աշխատանք կա անելու ցանկալի արդյունքի հասնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի եւս բարելավել է: Լուսինե Բադալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018-ից՝ ԱԺ պատգամավոր ընտրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային Ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։ Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը Արարատի մարզի Այնթափ համայնքում ունի համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված հողամաս, նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականության իրավունքով բնակարան՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորն ունի նաեւ մեկ այլ բնակարան, որը նրա հայտարարագրում արտացոլվել է դեռեւս 2022 թվականին։ ԱԺ պատգամավորի լրացրած տվյալներից հասկանում ենք, որ նրա կողմից ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 900 հազար դրամ։ Հենց այս բնակարանի համար Լուսինե Բադալյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 523 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար է։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 հազար 300 դոլար եւ 4 մլն 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 711 հազար դրամ։ 2022 թվականի համեմատ նրա դամական միջոցները զգալի ավելացել են՝ 2 հազար 300 դոլարով եւ 1 մլն 400 հազար դրամով, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 513 հազար դրամով։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում: