ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով երկրում առկա բազմաբնույթ խնդիրները, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության ուղիղ կապը երկրի տնտեսության հետ՝ «Ժողովուրդ» օրաթերթը այսօր զրուցել է վերլուծաբան, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Տնտեսագետի հետ զրուցել ենք մայիսի 26-ին տեղի ունեցած աղետից, անշարժ գույքի ոլորտում տիրող իրավիճակից եւ այլ հուզող եւ ակտուալ թեմաներից։
-Պարո՛ն Մակարյան, այսօր կցանկանամ խոսենք մայիսի 26-ին Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից: Շատերը նշում են, որ դա բնական աղետ էր, շատերն էլ կարծում են, որ այն մարդածին է եղել, քանի որ նշում են, թե ինչ որ քարաթափում է եղել, որը լցվել է ջրամբարները, ինչից էլ ամեն բան սկիզբ է առել: խնդրում եմ մեկնաբանեք, թե ըստ Ձեզ՝ սա մարդածի՞ն, թե՞ բնական աղետ է:
-Ակնհայտ է, որ դա աղետ է, սակայն ծագման աղբյուրը դեռեւս հայտնի չէ: Դա պիտի ուսումնասիրեն համապատասխան մարմինները: Շատ դեպքեր կան, երբ ժամանակ առ ժամանակ կարող են ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանալ բազմաթիվ անփութությունների եւ սխալների հետեւանքով: Օրինակ՝ նախկինում եղել են պայթյուններ, երբ «Նաիրիտ» գործարանն էր աշխատում, կամ զենքի պահեստների հետ կապված խնդիրներ, ջրամբարների, հիդրոկայանների եւ տարբեր նմանատիպ երեւույթներ, բայց ամենակարեւորն այն է, թե պետությունը կամ համայնքը, որտեղ դեպքը տեղի է ունենում, իր առաջին արձագանքման կարողություններով որքանո՞վ է համապատասխանում հարցերի կարգավորմանը:
Մենք նկատեցինք, որ առաջին օրերին խուճապ կար մի քիչ: Հայաստանում նման երեւույթներ, ջրի հետ կապված խնդիրներ չէին եղել, այլ աղետներ եղել են, բայց ո՛չ ջրային. եւ մաշստաբը բավականին մեծ էր: Կարծում ենք, որ հակառակ փորձի պակասին՝ կառավարության մի շարք ենթակառուցվածքներ կարողացան տիրապետել իրավիճակին: Արտակարգ իրավիճակներին պատրաստվելը շատ կարեւոր խնդիր է:
Մենք հիմա էլ նկատում ենք, որ արտակարգ իրավիճակներում բացակայում են եւ ներառված չեն գործատուները, որոնց հետ պետական մարմինները կարող էին աշխատանք տանել, որպեսզի նրանք էլ իրենց անձնակազմներին զգուշացնեն, նախապատրաստեն եւ ուսուցանեն, իրենք ներգրավված լինեն սեփական տեխնիկայով, հումքով, սնունդով: Մյուս կողմից էլ քաղաքացիները. պետական մարմինները հաճախ սիրում են հարցերը ինքնուրույն լուծել, եւ այդ ընթացքում ոտքները քարին է դեմ առնում, ինչպես որ հիմա է:
Եվ ինչ ստացվեց: Այսպես երկարում է գործընթացը, մահացության դեպքեր, տուժած քաղաքացիներ, տուժած փոքր բիզնես:
Այս հարցում պետական աջակցությունը շատ կարեւոր է, ինչը շատ ծախսատար չէ: Իմ հաշվարկով՝ մոտ 2 միլիոն դոլար է պետք բիզնեսն ու քաղաքացիներին փոխհատուցելու համար, քանի որ քաղաքացիներն էլ իրենց ունեցվածքն են կորցրել, կահույք, տան վերանորոգություն եւ այլն: Այդ ամենը միասին հնարավոր է մոտ 2 միլիոնի ծախս լինեն: Այսինքն՝ պետության համար այսօրվա պայմաններում, երբ բյուջեն զգալի գումարներ է ստանում, լավ կլինի այդ հարցը լուծվի: Հակառակ դեպքում կլինի մնացորդային դժգոհություն ուղղված պետության դեմ, որը կա՛մ միգրացիայի հիմք կլինի, կա՛մ դժգոհության:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ
Շարժման ընթացքը. որտեղ ենք, եւ ինչից է պետք խուսափել.

l Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է հավաքական փորձառությունը եւ շարժման ընթացքը։
l Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձեւավորվել է նոր խոշոր ընտրազանգված, որի պահանջը խորքային փոփոխությունն է։
l Շարժումը մի քանի ճշգրիտ ձեւակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
l Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը. եւ այդ դռները սկսում են բացվել։
Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։
Ինչ է անում իշխանությունը. փորձում է պահել իր իշխանությունը։ Ինչպե՞ս.
l Հակաքարոզչություն (Արվում է առավելագույնը, արդյունքը խիստ սահմանափակ է)
l Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արվում է եւ արվելու է, բայց սա ունի իր հակաթույնը, որի մասին՝ հաջորդ անգամ)։
l Սպասում է շարժման սեփական սխալներին (ամենավտանգավորը սա է, եթե չլինեն այդ սխալները կամ հասցվեն հնարավոր մինիմումին, իշխանության դիմադրելու ռեսուրսները մաշվելու-վերջանալու են)։
Շարժման պարտությունն ամբողջ հասարակության պարտությունն է, հետեւաբար՝ այն պետք է հաղթի
l Թրենդը պետք է մնա նույնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պետք է գնալ հենց այդ ուղղությամբ։
l Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա. շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
l Պետք է ընդունենք նաեւ, որ հասարակության մեջ կան կարեւոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարության հարցեր, համակեցության խնդիրներ եւ այլն, որոնք կան հանրային հավաքական մտքում, եւ սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային եւ հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդեն ֆիզիկա է, ոչ թե քաղաքագիտություն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանություն չի դիմանա։
l Իշխանության ամենագործուն լծակը բերետավորն է։ Շարժումը պետք է ամեն կերպ զրկի իշխանությանն այդ գործիքը կիրառելու հնարավորությունից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիվ կարեւոր հանդիպումներ սոցիալական եւ մասնագիտական շրջանակի հետ, խոսում էր կարեւորագույն թեմաներից եւ տալիս էր կարեւոր ուղերձներ՝ հասարակությանը եւ արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էության, Երեւանում եւ երկրում չկար, դա էր ընթացքը, եւ դա էր շարժման թափ հավաքելու պատճառը։ ՄԵԿ հոգին զրկված էր իր սիրած գործիքը՝ բերետավորին օգտագործելու հնարավորությունից։ Իշխանական հակաթեզերը արհեստական էին ու չաշխատեցին։ ՄԵԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանությունը մոտ տասը օր չգիտեր՝ ինչ աներ։ Այս պայմաններում իշխանությունը երազում է, որ դու ստեղծես հնարավորություն, թույլ տաս, որ նա կիրառի իր միակ զենքը՝ բերետավորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թույլ չտալ։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ
Տեղատարափ անձրեւների հետեւանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի եւ խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել: Ավելի քան 400 մարդ տարհանվել է: Բազմաթիվ ենթակառուցվածքներ, մասնավորապես ճանապարհներ եւ կամուրջներ, ինչպես նաեւ գազատարներ եւ ջրամատակարարման համակարգեր, վնասվել կամ շարքից դուրս են եկել: Որոշ գյուղերում տներ են փլուզվել, իսկ ցեխը եւ ջուրը գրեթե երկու մետր բարձրացել են:
Հաշվի առնելով աղետի ծավալները՝ Հայաստանի իշխանությունները օգնություն ստանալու նպատակով դիմել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանության (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով մասնավորապես գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետներ:
Շվեյցարիան անմիջապես արձագանքել է այս խնդրանքին՝ առաջարկելով համապատասխան օգնություն: Ստանալով Հայաստանի իշխանությունների դրական պատասխանը եւ շահագրգռությունը՝ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC) Հայաստան է գործուղում Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) ութ մասնագետ, այդ թվում՝ ճարտարագետներ եւ տեխնիկական մասնագետներ: Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել երեկ երեկոյան՝ նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի իշխանություններին՝ վնասված կամուրջների եւ այլ ենթակառուցվածքների գնահատման հարցում:
Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC), որ արդեն իսկ ներկա էր Հայաստանում եւ Հարավային Կովկասում, հրատապ արձագանքման այս ծրագրի համար նախատեսել է մինչեւ 500 000 շվեյցարական ֆրանկ աղետի գոտում, որը նաեւ երկրի ամենակարիքավոր շրջանների թվում է: Միաժամանակ Շվեյցարիան շարունակում է ուշի-ուշով հետեւել Եվրոպայում եւ հարեւան երկրներում հեղեղումների իրավիճակին: Շվեյցարիան պատրաստ է արագ արձագանքելու յուրաքանչյուր օգնության դիմումի:

ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 4-ին Բաքվի մոտ տեղի են ունեցել «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բացման արարողությանը ներկա էր Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնակատար, գեներալ Ակիֆ Փիրվերդիեւը։
Մասնակիցների թվաքանակի, ժամկետների եւ ծրագրի մասին չի տեղեկացվում։




Լրահոս