ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կուռք դարձրած Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, որ ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ամեն խոսքի տակ, այս անգամ «ուղուց շեղվել» է։
Վարչապետը հայտարարում էր, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 12 հազար 743 քառ. կիլոմետր է, իսկ Առուշանյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը Մեծ Հայքի քարտեզն է՝ 15 նահանգներով եւ 641 հազար քառակուսի կիլոմետրով։
Առուշ Առուշանյանը 2008 թվականի օգոստոսից հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն եւ զբաղվել է ձեռնարկատիրական աշխատանքներով։ Համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին, ապա 2021 թվականի հոկտեմբերի 17-ին համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրության արդյունքում կրկին ընտրվել է համայնքի՝ համամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար։
Ինչեւէ, անդրադառնալով Առուշ Առուշանյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրին՝ արձանագրում ենք, որ նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ Գորիսի համայնքապետի աշխատանքի վարձատրությունն ավելացել է։
Առուշ Առուշանյանը 2022 թվականի հաշվետու տարում ստացել է տարեկան 2 մլն 152 հազար դրամ աշխատանքի վարձատրություն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքապետարանի աշխատակազմի կողմից, իսկ 2023 թվականի հայտարարատու տարում ստացել է 2 մլն 778 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Ստացվում է, որ Առուշանյանի աշխատանքի վարձատրությունը մեկ տարում ավելացել է 600 հազար դրամով. եթե առաջ Առուշանյանն ամսական ստանում էր գրեթե 179 հազար դրամ, ապա այժմ ամսական ստանում է 231 հազար դրամ։
Առուշանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 268 հազար դրամ, իսկ նախորդ տարվա կանխիկ դրամական միջոցները՝ 300 հազար դոլարը, 100 հազար եվրոն եւ 210 մլն դրամը նվազել են՝ դառնալով 300 հազար դրամ, 100 հազար դրամ եւ 210 մլն դրամ։
Հարցական է, թե ինչու են հայտարարագրում նույն թվերը պահպանվել, սակայն փոխարժեքն այս անգամ դրամով է ներկայացրել։
Առուշանյանի հայտարարագրում բացակայում է ծախսերի մասին հատվածը։
Առուշ Առուշանյանի տրանսպորտային միջոցը, որը բոլոր տարիների հայտարարագրերում առկա է պահպանվել՝ ZIL մակնիշի 1930 թվականի արտադրության մեքենան է, որը գնվել է 2016 թվականին։
Առուշանյանի անշարժ գույքերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել։ Պահպանվել է Գորիս համայնքում գտնվող 2 հողամասը, որից մեկը 2019 թվականին համայնքապետը նվիրատվություն է ստացել։ Պահպանվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները եւ արտադրական նշանակության շինությունը, որոնք կրկին գտնվում են Գորիս համայնքում։
Հարցական է, թե այս ունեցվածքի ֆոնին Առուշ Առուշանյանի, որ արժանիքի համար է նրա աշխատանքի վարձատրությունն ավելացել ՀՀ պետական ֆինանսական միջոցներից։
Հիշեցնենք, որ Azdarar.am-ից դեռ 2023 թվականի դեկտեմբերին տեղեկացել էինք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ստացել` հրավիրվելով դատախազություն։
Նաեւ Առուշանյանն այն շռայլ համայնքի ղեկավարն է, ով գնել է 000 OO 00 գոլդ համարանիշը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել էինք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։
Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում եւ գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այսինքն՝ Գագիկ Առուշանյանը համայնքապետի հայրն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՆԿԱՐԱՅԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Անկարան ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցություններում առաջընթացը եւ ակնկալում է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը (COP 29) հյուրընկալելու կապակցությամբ։
«Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին այդ միջոցառման անցկացման հարցում»,- ասված է ուղերձում, որն ընթերցել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Էրդողանի ուղերձում նաեւ նշվում է, որ Անկարայի եւ Բաքվի համագործակցությունը էներգետիկ ոլորտում օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Նա ընդգծել է, որ երկու երկրների կապերն ամուր են բոլոր ոլորտներում:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատեւ խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում:
Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։
«Ե՛վ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում՝ համաձայն որի յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ եւ խոչընդոտներ է տեսնում երկարատեւ խաղաղության հաստատման համար: Սա ամենեւին չի նշանակում, որ, օրինակ, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս, այդպիսի բան չկա», – ասաց ԱԳ նախարարը:
Նա հավելեց՝ համոզմունք ունեն, որ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի Սահմանադրությունը մեծ հաշվով չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատեւ խաղաղության հաստատման համար:
«Հայաստան-Ադրբեջանի բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում», – կրկնեց Միրզոյանը:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2018 թվականից: Սա Հայաստանի գործն է, ներքին որոշելիք է:
ԱՄՆ-Ն ԹՇՆԱՄԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է ՌԴ-Ի ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ն այժմ թշնամական երկիր է Ռուսաստանի համար, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար։ Այս մասին ճեպազրույցում ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մերժումը երկրից դուրս թողնել նախկին հետախույզ Սքոթ Ռիտերին՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար։
Պեսկովը նշել է, որ հետախուզական ծառայության նախկին աշխատակիցները կարող են ենթարկվել ճանապարհորդության սահմանափակումների «հատկապես թշնամի երկիր» մեկնելու դեպքում։
«Եվ հիմա մենք նրանց համար թշնամի երկիր ենք, ինչպես իրենք են մեզ համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՍՈԹՔՈՒՄ
Հունիսի 4-ին Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ կմեկնեն Վարդենիս։ «Սոթքում ժամը 6-ին հանրահավաք ունենք։ Ուզում եմ՝ Սոթքում լինի, որովհետեւ սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, որ առաջիկայում կլինեն նաեւ Սյունիքում, սակայն չհստակեցրեց, թե դա երբ կլինի։
«Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք, քանի որ այստեղ՝ Երեւանում, շատ կարեւոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարեւոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ, երեւի թե ամենակարեւորներից մեկն է», – ասաց նա։
Ի դեպ, հայտարարեցին, որ կողմնակիցներից մեկին երթի ընթացքում ոստիկանները «գողացել են»։
«Ում մի քիչ հեռացած տեսնում են՝ տանում են», – ասաց երթի մասնակիցներից մեկը։
ՀՀ-ՖԻՆԼԱՆԴԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ կարեւորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: