
Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում մրցել է Ղազախստանի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ: Այդ մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման հաշիվը խաղի 4-րդ րոպեին բացվել է ինքնագոլի արդյունքում: Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի գերազանց կոմբինացիայի արդյունքում վերջինս գնդակը ձախ եզրից ուղարկել է կենտրոն, որտեղ Արթուր Միրանյանի հետ պայքարում Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Վարազդատ Հարոյանի՝ խորքից կատարած փայլուն փոխանցումից հետո գնդակն աջ եզրում ստացավ Էդգար Սևիկյանն ու այն ուղարկեց կենտրոն, որտեղ Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականը մեկ գնդակ ետ է բերել: Սերգեյ Մուրադյանի՝ անզգուշորեն ձեռքով գնդակը կասեցնելու համար նշանակված 11-մետրանոցն անվերպ է իրացրել թիմի հարձակվող Բաուրժան Իսլամխան:
Այսպիսով մեր ընտրանին տևական դադարից հետո առաջին հաղթանակն է տանում: Հաջորդ հանդիպումը Ալեքսանդր Պետրակովը կանցկացնի սեպտեմբերին՝ Ազգերի լիգայի շրջանակում: