ԱԺ-ում այսօր հարցուպատասխանից առաջ լրագրողները փորձեցին նախարարներից ստանալ մեկնաբանություն` երեկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվաքի առնչությամբ:
Հիշեցնենք, որ երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բնապահպանները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք նախարարին առաջարկել են խմել իրենց կողմից առաջարկվող մեկ բաժակ ջուրը: Նախարարը, բնականաբար, հրաժարվել էր, որից հետո սկսվել էր լեզվակռիվ նախարարի և բնապահպանների միջև: Ապա նախարարն ասել էլ. «Խելոք մնա՛, ականջներդ կկտրեմ»:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով երեկ նույնպես եղել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե ձեզանից որևէ մեկը հայտնվեր այդ վիճակում, հաստատ սառնասրտորեն չէր նայի դրան:
Դա ուղղակի անտանելի էր: Չի կարելի աթոռի վրա կոշիկներով կանգնել ու գոռալ ողջ կոնֆերանսի ընթացքում»,- ասաց պրն. Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է բաժակի ջուրը խմելուն, պրն. Ավանեսյանի խոսքով` ինքը սկզբում մտածեց, որ խոսքն ընդամենը մի բաժակ ջուր խմելու մասին է, բայց երբ իմացավ, որ խոսքը գետի ջրի մասին է, անկեղծ ասաց. «Ո՛չ, դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմելու»: