ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին եւ շնորհավորել նշանակման ու կարեւոր հանձնառության ստանձնման առթիվ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալության է հայտնել ՄԱԿ-ի հետ տարբեր ուղղություններով երկարամյա համագործակցության համար եւ համոզմունք հայտնել՝ Ֆղանսուազ Ժակոբի նշանակմամբ արդյունավետ ծրագրերն առավել ակտիվ ընթացք կստանան: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ կառույցների միջոցով ստացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի հետեւողական աջակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի իրականացման նպատակով:
«Այս համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում ներկայացվում է որպես հաջողված փորձերից մեկն առ այն, թե ինչպես կարելի է սկսել գործընկերությունը, այնուհետեւ այն ամբողջությամբ փոխանցել պետությանը: Կարեւոր է նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ վաղ մանկության զարգացման եւ հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ առանձնացնելով համագործակցությունը հատկապես ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման եւ իրականացման գործընթացում:
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում նախարարը կարեւորել է նաեւ կրթություն-աշխատաշուկա կապին նվիրված «Edu2Work» էլեկտրոնային հարթակի ստեղծումն ու դրա փոխանցումը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել՝ Հայաստանը ՄԱԿ-ի կարեւոր գործընկերներից է, եւ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ տարատեսակ վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքը, որի շուրջ աշխատանքները շուրջ 3 տարի են տեւել:
«Ընդունել ենք բոլորովին նոր օրենք, որը հնարավորություն է տալիս էապես փոխել մասնագիտական կրթության որակը մեր երկրում՝ հիմնվելով դուալ կրթության եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցման վրա: Սա մեզ համար ռազմավարական ուղղություն է», – ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կողմերը քննարկել են նաեւ մշակութային ժառանգության պահպանության, սպորտի եւ երիտասարդության ուղղություններով համագործակցության առկա իրավիճակն ու ընդգծել դրա զարգացման մեծ ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով այն առավել խորացնելու:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱՅՑ՝ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԳՄՍ նախարարության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցերն են կատարել մի շարք հուշարձաններ:
Մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք:
Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի ավարտված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի շրջայցին:
Արված աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել. տրվել է ողջամիտ ժամկետ առկա թերությունները շտկելու համար:
Ծրագրով կառուցվել են Մարմաշենի վանական համալիր տանող 2,4 կմ ճանապարհը եւ հարակից ճեմուղիները, անցկացվել է ջրահեռացման եւ լուսավորության ցանց, կառուցվել են ավտոկայանատեղի, վաճառահրապարակ, սանհանգույց, բարեկարգվել են աղբյուրի հարակից տարածքը, վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճաններն ու դիտահարթակը, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զբոսաշրջային եւ ճանապարհային ցուցանակներ:
Մարմաշեն վանական համալիրի տարածքից եւ պահպանական գոտուց ապամոնտաժվել եւ հեռացվել են մի քանի մետաղյա տաղավարներ, որոնք խաթարում էին հուշարձանի պատմական միջավայրը:
Այցի շրջանակում տեղում քննարկվել եւ հստակեցվել են Պեմզաշեն գյուղի Պեմզաշեն եկեղեցական, Սբ. Առաքելոց վանական համալիրների, Աբլղարիդ Պահլավունու խաչքարի ուսումնասիրման, պեղման, նորոգման, ամրակայման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը եւ պահանջները: Աշխատանքները նախատեսված են միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ 2025 թվականին:
ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են նաեւ Մակարավանք, Սբ Աստվածածին (Անապատ) եկեղեցի, միջնադարյան քարայր-կացարան եւ այլ հուշարձաններ:
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄՈՒՅԹԸ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ԱՂԵՏԻ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ հունիսի 7-ին Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան):
Ի հեճուկս վերահաս աղետի՝ անսամբլի երաժիշտները որոշեցին, որ համերգը տեղի կունենա, նրանք կգան ու հերթական անգամ կհաստատեն, որ Լոռեցին աննկուն է անգամ ամենադժվարին պայմաններում: Նրանք կհնչեցնեն հայրենի երգն ու երաժշտությունը, որպես սփոփանք ու քաջալերում, որպես նվիրում Լոռու չքնաղ աշխարհին:
Երեկոյի ընթացքում անսամբլի երաժիշտներն ու մենակատարները հանդես կգան ազգային երաժշտության կատարումներով՝ ժողովրդական, գուսանական, հայրենասիրական երգեր, հայ կոմպոզիտորների ծանոթ եւ սիրելի ստեղծագործություններ:
ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 29-ից հունիսի 2-ը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Աշտարակի «Սեւան մարզական ընկերության» ՄՊՄԴ մարզադահլիճում կայացել է ՀՀ վոլեյբոլի տղաների եւ աղջիկների Մ14 առաջնությունը, որին մասնակցել են տղաների եւ աղջիկների 12-ական թիմեր: Նրանք մրցել են ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները։ Աղջիկների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Ավան» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Չարենցավանի թիմի նկատմամբ: Առաջնության բրոնզե մեդալները նվաճել է Գեղաշենի թիմը՝ վճռորոշ թիմում 2:0 հաշվով հաղթելով «Աջափնյակին»: Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել «Վանաձորը», որը եզրափակչում 2:0 հաշվով ուժեղ է գտնվել «Սիսիան» թիմից: Երրորդ տեղը զբաղեցրել է «Արաբկիրը»՝ նույն հաշվով հաղթելով Նոր-Նորքի թիմին:
Մրցանակակիր թիմերը պարգեւատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, գնդակներով, իսկ լավագույն մարզիկները՝ մրցանակներով։ Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի վոլեյբոլի Մ16 պատանեկան հավաքականը, որը կնախապատրաստվի 2025 թվականին Երեւանում կայանալիք Եվրոպայի Մ16 առաջնությանը։
ՖՈՒՏԲՈԼ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է ազգային թիմի վերջնական հայտացուցակը Սլովենիայի թիմի դեմ ընկերական խաղում։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարեւիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ – «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Նոա»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գեւորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»: