Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախի՝ նախկինում՝ Իվանյան, այժմ՝ Խոջալու վերանվանված քաղաք տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար։
«Հայաստանն ինքը պետք է դա ընդունի, պետք է ներողություն խնդրի մեզնից», – ասել է Ալիեւը եւ հավելել. «Եթե նրանք դա չանեն, ապա կարծում եմ՝ Հայաստանը երբեք չի կարողանա ոտքի կանգնել»։
Ադրբեջանի նախագահը իր ելույթի ընթացքում նաեւ կարծիք է հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, չնայած հաջողվել է Հայաստանին լուրջ պարտության մատնել, սակայն դեռեւս տարածքային պահանջների փորձեր են կատարվում։
«Վստահ եմ, որ Հայաստանն այլեւս երբեք չի փորձի որեւէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ։ Մենք նաեւ հետեւում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնելու մեր նկատմամբ։ Չնայած՝ Հայաստանում ռեւանշիստները բավականին շատ են. ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի», – ասել է Ալիեւը։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Աժ «Քաաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հերթական մտացածին հայտարարությունը արեց՝ ասելով, որ հայկական կողմը պետք է ներողություն խնդրի հայկական ջարդերի համար, որին հայկական կողմից որեւէ արձագանք չի հաջորդել:
-Բաձարձակ համաձայն չեմ Ձեզ հետ, որ արձագանք չի եղել, եթե չեմ սխալվում, մեր պաշտոնական գերատեսչությունները, ԱԳՆ-ն արձագանքել են: Որքանով որ ես եմ տեղյակ, արձագանքել են եւ ԱԳՆ-ի հայտարարությանը որպես աշխարհի հետ շփման մեր գլխավոր խողովակ. ինքս ավելացնելու բան չունեմ:
-Մինչ մենք անդադար խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը նոր պահանջներ է դնում՝ «Սահմանադրություն փոխե՛ք», «Խոջալուի ջարդերը ճանաչե՛ք»:
-Տավուշում մենք բազմաթիվ դժվարությունների գնով իրականացրինք եւ իրականացնում ենք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ եւ, երբ Հայաստանի Հանրապետությունը խոսում է խաղաղության մասին, ապա այդ խաղաղությունը գործնականորեն արտահայտվում է հենց այս գործընթացներում: Հորդորում եմ հանրությանն ու լրագրողներին՝ կենտրոնանալու այն քայլերի վրա, որոնք կատարվում են: Խաղաղության պայմանագրի հիմքում ընկած է այդ ամբողջ գործընթացը, մենք պետք է տվյալ հարցերը պարզենք, սահմանագծենք եւ խաղաղության պայմանագիրը, որը բանակցվում է, լիահույս եմ՝ որ հաջողվելու է ավարտին հասցնել:
-Պարո՛ն Հակոբյան, սակայն այդ ամենը քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ է կատարվում: Ահազանգերը շատ են, որ առանց զգուշացնելու մոտենում եւ քանդում են իրենց տները:
Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ այդ թեզը չտարածել: Նախ՝ բազմաթիվ հանդիպումներ են եղել քաղաքացիների եւ պետության ղեկավարի միջեւ, եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչնեը 24 ժամյա գրաֆիկով գտնվում են այնտեղ, պատասխանում են բոլոր հարցերին: Ուզում եմ նշել նաեւ, որ մեր գյուղացիների հետ ամեն բան համաձայնեցված է եւ չպարզաբանված ու չմեկնաբանված հարց չկա:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Գրեթե 3 տարի ղեկավարելով շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հակոբ Սիմիդյանը զգալի ավելացրել է սեփական եկամուտները։
2021 թվականի դեկտեմբերի 10-ից ստանձնել է նախարարաի պարտականությունները եւ առ այսօր ստացել տարեկան 20 մլն դրամ, սակայն այս տարի 2023 թվականի հայտարարատու տարվա եկամուտների, գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրում Սիմիդյանի աշխատանքի վարձատրությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից կազմել է 21 մլն 323 հազար դրամ։ Նախորդ տարվա հայտարարագրում աշխատանքի վարձատրությունը կազմել է 20 մլն 676 հազար դրամ։
Ստացվում է, որ մեկ տարում շրջակա միջավայրի նախարարի աշխատանքի վարձատրությունը ավելացել է գրեթե 647 հազար դրամով։
Նախարարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 931 հազար դրամ։
Հակոբ Սիմիդյանը ամուսնացած է, ունի 1 երեխա, սակայն հայտարարագրում համատեղ բնակվող անձանց մասին որեւէ տեղեկություն չկա։
Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում՝ 90 օրից ավելի, փաստացի տիրապետվող 1 անշարժ գույք՝ բնակարան է հայտարարագրվել։
Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է 2013 թվականին գնված 1991 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա, որը բոլոր հայտարարագրերում ներկայացված է։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 757 հազար դրամ, որը դեռ 2022 թվականի հայտարարագրում առկա՝ «ՀայԷկոնոմ» բանկից ստացված 8 մլն դրամ վարկի մնացորդն է։
Հակոբ Սիմիդյանը 2014 թվականից ստանձնել է «ԼԵ ՏԻՍԻՄ» ՍՊԸ-ի 30% բաժնեմասի կառավարումը, սակայն միայն 2023 թվականին հավատարմագրման է հանձնվել «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին։
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «ԼԵ ՏԻՍԻՄ» ՍՊԸ-ն զբաղվում է «Մեծածախ եւ մանրածախ առեւտրով. Ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների նորոգում», առավել մանրամասն այն զբաղվում է այլ մանրածախ առեւտրով ոչ մասնագիտացված խանութներում։ Իսկ «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ն զբաղվում է «ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում» գործունեությամբ։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը գրանցված է ոմն Կարեն Մարտիրոսյանի անունով։
Ընկերության տնօրենը «Երեւանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի 50% բաժնետեր Լեւոն Գագիկի Սարգսյանն է։ Հավելենք, որ այս ընկերությունը տարածք է վարձակալել հայտնի «Ծաղկի շուկայի» կայանատեղիում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ԱԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Տավուշի մարզի Բաղանիս գյուղում սահմանազատումն ավարտվել է արդեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բաղանիս գյուղի վարչական շրչանի ղեկավար Գեւորգ Սահակյանը:
Հարցին, թե այդ հատվածում շա՞տ են զիջումները եղել, Սահակյանն ասաց. «Այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ տեղյակ չեմ, ես ասել եմ, որ զինվորի արյունով գրած սահմաններն եմ ճանաչում, նոր սահմանները ես չեմ ճանաչում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բաղանիս վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Սահակյանը հրաժարվել էր միանալ Տավուշում սահմանազատման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խմբին։
ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԻՑ
Սյունիքի մարզի Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել։ Այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասաց նա։
Հարցին՝ կա՞ն տեղեր, որ դուրս չեն եկել՝ մարզպետն ասաց, թե հստակ չի կարող ասել։
«Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գա, մյուսները մնան, մինչեւ հաջորդները դուրս գան, չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՏԱՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ բացի Հայաստանից, խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունը պետք է տրամադրվի նաեւ Ադրբեջանին: Նա այս մասին ասել է Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:
Նա անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին 10 մլն դոլարի չափով օգնության հարցին։
«Մենք կարծում ենք, որ նույն օգնությունը պետք է ցուցաբերվի նաեւ Ադրբեջանին», – ասել է հունգարացի նախարարը։
Սիյարտոն հավելել է, որ հիմնական խնդիրը, որի վրա Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության խորհրդի նախագահ, կլինի աջակցելը պետությունների միջեւ խաղաղության եւ համագործակցության հարցերում նախաձեռնություններին։