ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՐՍԻ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք է: Սակայն կարճ ժամանակ անց, պարզվեց, որ ԱԺ նախագահն էր սխալվում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հարսը ընդունել է մեղքը եւ իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։
Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Արդյունքում՝ վարույթի շրջանակում կալանավորվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Նրան ընդամենը 11 օր կալանքի տակ պահելով՝ կայացվեց քաղաքական որոշումը, եւ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխեց քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առեւտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գեւորգյան) եւ Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Դեռ հարսի կալանքի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել լրագողներին՝ հայտնելով, թե սխալմունք է եղել իր հարսի մասով, նա անմեղ է:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 28-ին դեռ կանխատեսել էր, որ Ալեն Սիմոնյանը քաղաքական հրահանգ տվեց իրավապահներին։
Այսպիսով՝ քաղաքական հրահանգը կատարված է, սակայն իրավապահներն իրենց դեմքը փրկելու համար գործուն զղջման հիմքն են դրել կարճման որոշման մեջ: Գլխավոր դատախազությունից այս գործի մասով Armlur.am-ին հայտնեցին. «Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել եւ չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում՝ որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ, գործուն զղջալու հիմքով, հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Մասնավորապես՝
2024 թվականի մայիսի 17-ին առեւտրային կազմակերպության աշխատակից Լ.Մ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 20-ին առեւտրային կազմակերպության աշխատակից Ա.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
Բացի այդ, 2024 թվականի մայիսի 20-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով»:
Այսպիսով՝ մեծ շոու բեմադրելով, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ցույց տվեցին հանրությանը, թե իրենք արդարադատություն են իրականացնում, եւ չկա տարբերություն, թե ով է մեղադրյալի բարեկամը: Սակայն, կարճ ժամանակ անց փշրվեց գործը եւ հերթական անգամ հանրությունը ականատես եղավ, որ մեր երկրում արդարադատությունը իրականացվում է ուղիղ քաղաքական իշխանության հրահանգներով եւ ճաշակով: Չկա օբյեկտիվ, ամբողջական, բազմակողմանի քննություն, կա քաղաքական պատվեր եւ վերջ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Ռուստամ Բաքոյանը 2023 թվականին ֆինանսական միջոցներն այնքան է բարելավել, որ հասցրել է նոր բնկարան գնել։
Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել Երեւանում եւ արժեցել է 32 մլն 400 հազար դրամ։
Բաքոյանը մինչեւ այս բնակարանի ձեռքբերումն ուներ մեկ անհատական բնակելի տուն Վեդի համայնքում՝ ձեռք բերված 2019 թվականին։
Ռուստան Բաքոյանը հայտարարագրել է մեկ Nissan մակնիշի ավտոմեքենա, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի։
ԱԺ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 493 հազար դրամ եւ 20 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 28 հազար դոլար եւ 29 մլն 600 հազար դրամ։
Բաքոյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 43 մլն 539 հազար դրամ, որից 32 մլն 400 հազար դրամը վարկ է «ԱմերիաԲանկից»։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ նշված գումարը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։
Ռուստամ Բաքոյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովի աշխատակազմից կազմել է 10 մլն 443 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2 մլն 234 հազար դրամ։
Պատգամավոր Բաքոյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նաեւ 696 հազար դրամ կենսաթոշակ ։
Հարցական է, թե երիտասարդ պատգամավորն ինչ համար է թոշակ ստանում։
Հիշեցնենք, որ Ռուստամ Բաքոյանը հեղինակել է մի նախագիծ, որով սահմանվում էր ամուսնության տարիքային շեմը 18-ից բարձրացնել, սակայն նախագիծը հանրային լսումների փուլից առաջ չի անցել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
«Օրեր առաջ Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ. նշեմ, որ պայմանագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում», – այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Որոշ կետերով դրական դինամիկա կա», – նշել է ադրբեջանցի նախարարը։
Նշենք, որ ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու աջակիցները երեկ ավտոերթով ուղեւորվում են դեպի Վարդենիս՝ հանրահավաքի։ Լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ սրբազանը, անդրադառնալով Տավուշում սահմանազատված հատվածում ադրբեջանական դրոշի ծածանմանը, ասաց՝ մեր շարժումն ու պայքարն այն մեծ ահազանգն է, թե ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում. «Այս պատճառով ենք նաեւ գնում Վարդենիս, որովհետեւ եթե իրապես բարեմտություն ու փոխգործակցություն կա այսպես կոչված սահմանազատման, սահմանագծման, խաղաղության պայմանագրի գործընթացում, ինչո՞ւ մեր երկրից երկու տարի առաջ գրաված տարածքները չեն զիջվում՝ հետ քաշվելով, այլ, 90-ականների խնդիրն արծարծելով, հասցրել են այսօրվան։ Ուրեմն խնդիրը հետեւյալն է՝ միակողմանի ուժի, վախի, սպառնալիքների տակ անընդհատ զիջումներ անել»։ Սրբազանի խոսքով՝ Վարդենիս այցի նպատակը իրազեկելն է, մարդկանց ցույց տալն ու հասկացնելը, թե ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչ է լինելու շարունակությունը։ Նա ասաց, որ նախնական՝ ծրագրել էին վաղը այսօր մեկնել Սյունիք, սակայն ուրբաթ օրը շատ կարեւոր ծրագիր ունեն, չեն հասցնի վերադառնալ Երեւան ու պատրաստվել. «Շատ կարեւոր, առանցքային ծրագիր ունենք»։
Սրբազանն ասաց, որ այժմ շարժումը մտնում է 3-րդ փուլ, եւ այն պետք է դառնա փոփոխությունների փուլը. «Ինձ շատ են ասում, թե ասում էի՝ յոթից տասը օրում կանենք… այո ,ասել եմ, բայց այդ 7-10 օրում հասկացանք, որ մենք շատ ավելի մեծ խնդիրների առջեւ ենք կանգնած։ Մեր առջեւ աշխարհաքաղաքական խնդիրներ, մարտահրավերներ կան։ Մեր փափագն է եղել հասնել նշակետին, չենք խաբել ու չենք խաբելու»։ Հարցին՝ իշխանամերձ փորձագետներն ասում են, թե շարժումը մաշեցվում է, սրբազանը պատասխանեց. «Այդ քաղաքագետներին եթե մենք գումար տանք, իրենք կասեն՝ շարժումը համաշխարհային նշանակություն ունի։ Այդ մարդիկ փող աշխատող մարդիկ են, նրանց համար ոչ երկիր կա, ոչ հայրենիք, իրենց համար՝ իրենց տրված արծաթն է ու որովայնը։ Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը Ռուսաստանից գումար կստանան, Ռուսաստանի մասին են խոսելու նույն ջանասիրությամբ։ Այս մարդիկ սրբություն չունեն, հայրենիք չունեն, վաղն էլ կթողնեն, կգնան երկրից։ Փորձագետ չեն, նրանք փորձանքաբերներ են, մի փոքրիկ խումբ են, որ իրենց առաջ խոսենք, կչորանան տեղում»։




Լրահոս