ԹԵԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՈՐՈՇՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը, քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային ծավալուն գործողություններով՝ բացահայտվել են Արագած Ախոյանի կողմից խաբեության եւ, վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա.-ն, հանդիսանալով Երեւան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող եւ սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 2010-2014թթ. ընթացքում 6 անձանցից բնակարաններ եւ ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց՝ ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն, հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ եւ հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ընդունում է Ախոյանն իրեն առաջադրված մեղադրանքը։
Մեզ հետ զրույցում Ախոյանի փաստաբանն ասաց. «Մեղադրանքի մասով չի ընդունում մեղավորության մասը, այսինքն՝ նշվում է, որ սա քաղաքացիաիրավական խնդիր է՝ անձանց հետ պարտքային հարաբերություններ ունեն, ու այստեղ իրապես ուրիշ խնդիր ունենք։ Տուժողների գերակշիռ մասը, այնպես է, որ գումարները վերցրել է, հետագայում որոշակի գումարներ հետ է վերադարձրել, ընդհանուր շրջանառություն է իրար մեջ տեղի ունեցել, ընդ որում՝ տուժողների մի մասը նշում է, որ բնակարան պետք է տրամադրվեր այդ անձանց, բայց չի տրամադրվել։ Հիմա տուժող կա, որ, օրինակ, 4 բնակարան է գնել, որից, դիցուք, 2 բնակարանները տրվել են այդ տուժողին։ Կամ տուժող կա, որին բնակարանը տրվել է, ավտոտնակը չի տրվել վերջնարդյունքում, ինչը պայմանավորված է հիմնական ընկերության սնանկության գնալով, ընդ որում՝ սնանկությունը եղել է հարկադիր սնանկություն»։
Փաստաբան Գալստյանից նաեւ հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է արդյոք այս ամենը համարվել քաղաքական հետապնդում, ինչին ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ նման գնահատականներ չի ուզենա տալ։
«Չեմ ուզի նման գնահատականներ տալ, որովհետեւ Արագած Ախոյանի հետ էլ պետք է քննարկեմ ու հասկանամ։ Միգուցե սա կարող է լինել այլատիպ վերաբերմունք անձի նկատմամբ: Ես իմ պրակտիկայում չեմ հանդիպել, բայց կան դեպքեր, երբ բազմաբնակարան շենքերի շինարարության խնդիր է եղել, անձը չի կարողացել իր պարտականությունները կատարել եւ նրա նկատմամբ նույնիսկ մեղադրանք է առկա, բայց խափանման միջոցը շատ ավելի մեղմ է։ Այսինքն՝ այսպես ասած, այլ մոտեցման խնդիր, միգուցե, առկա է այս տեսանկյունից»։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բենիկ Գալստյանն անդրադարձավ նաեւ նրան, թե ինչ կարող է սպասվել նախկին ԱԺ պատգամավորին։
Գալստյանի խոսքով՝ չի բացառում, որ տարբերակված մոտեցում կարող է լինել խափանման միջոցի տեսանկյունից, եւ կոնկրետ քրեական դատավարության տեսանկյունից էլի կան դեպքեր, երբ շենքի շինարարությունը խնդիր է եղել, անձինք մնացել են առանց իրենց բնակարանների բայց մարդկանց նկատմամբ խափանման միջոցները մեղմ են ակնհայտորեն, այսինքն՝ կալանք չեն առնվազն։
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանին, բացի վերը նշված մեղադրանքից, կան նաեւ այլ առաջադրված մեղադրանքներ։
2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում, նկատի ունենալով նույն օրըվա՝ ժամը 17:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջեւ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակաւ կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը:
Այս առիթով Ախոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր ստորագրությունը չհեռանալու մասին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

4 ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության առերեւույթ 5 մասնակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցվելու վերաբերյալ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր, դատարան ներկայացնելու հիմքով, այդ անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում։ Նշված 5 անձանցից 4-ը ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդությունների քննարկման արդյունքում, դատարանի որոշումներով՝ նշված անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում նշված անձինք մեղադրվում են այն բանի համար, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, նրանք, այլ անձանց հետ խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելու եւ հասարակական կարգը չխախտելու պահանջները՝ անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ են հնչեցրել, շիշ եւ տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ. նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Այդ գործողությունների արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, եւ խափանվել է հանրային միջոցառումը:
Նախաքննությունը շարունակվում է։

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՍՐՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ»
ԱԺ է ներկայացվել 3 դատավորի թեկնածություն, որոնք հավակնում են դառնալու Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։ Նրանք են՝ Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններին ծանոթանալու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ովքեր են նրանք։
Դատավոր Արմեն Դանիելյանը հանրության մեջ աչքի ընկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով: Եվ, առհասարակ, Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել որեւէ ՔՊ-ականի ցանկություն:
Արմեն Դանիելյան
Առանց անձի մասին լսած լինելու, նրա իրավունքն ապահովելու՝ մարդուն կալանավորելու պրակտիկան Արմեն Դանիելյանը շարունակեց կիրառել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նրան ԱԺ ամբիոնից հիշեցրեց, թե ինչպես առանց իրեն լսելու կալանք իրականացրին: Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացրած կալանքի որոշումն Արմեն Դանիելյանի համար դարձավ կարգապահական վարույթ հարուցելու թեմա, ԲԴԽ-ն, սակայն, 2022թ. մայիսի 12-ին, իհարկե, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ նա ԲԴԽ անդամ էր ընտրվել օրերս:
Թեկնածուներից Մանվել Շահվերդյանը հանրությանն առավել հայտնի դարձավ, երբ քննեց Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործը:
Մանվել Շահվերդյան
Իսկ ահա, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հանրությանը առավել հայտնի դարձավ հայտնի գրագրությունից։ Բանն այն է, որ դատական համակարգը լքեցին դատավորներ, որոնց հեռացման պատճառը խորը արմատներ ուներ։ Մասնավորապես՝ Ռուբիկ Մխիթարյանի «թեթեւ ձեռքով» իշխանություններին է հասել գրագրություն, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչել իշխանության հասցեին։ Եվ ահա, ըստ մամուլի տեղեկությունների՝ գրագրությունը իշխանություններին հասցրել է Ռուբիկ Մխիթարյանը։
Ռուբիկ Մխիթարյան
Եվ ահա, դատական համակարգում այս քաոսից հետո, Մխիթարյանը ԲԴԽ անդամ դառնալու դիմումը հետ էր վերցրել, քանի որ դատական համակարգը բավականին քննադատաբար է մոտեցել նրա այս քայլին ու, առհասարակ, չեն շփվում նրա հետ. ուստի, գիտակցելով, որ նրան չեն ընտրի, վերջինս հրաժարվել էր գնալ ԲԴԽ։




Լրահոս