ԲԱՔՎԻ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԿՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոննում անցկացվող Կլիմայի փոփոխության կոնֆերանսի համատեքստում Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները Ադրբեջանից եւ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին: Բոննի այս կոնֆերանսի շրջանակում փորձագետները սահմանում են COP29-ի հանդիպումների օրակարգը, որը տեղի է ունենալու նոյեմբերին, Բաքվում:

Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Սպանբենբեգը կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն փաստին, որ COP29-ն անցկացվելու է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են։
«Ցավալի է, որ ՄԱԿ-ը նման կարեւոր կոնֆերանսը կազմակերպվում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են բոլոր հնարավոր վատթարագույն ձեւերով։ Երկիր, որը ցեղասպան քաղաքականություն է վարում հայերի ու Հայաստանի նկատմամբ, որը բոլորովին վերջերս էթնիկ զտումներ իրականացվեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ, որը հենց այս պահին ոչնչացնում է հայերի պատմական հուշարձանները։ Երկիր, որը հենց այս պահին էլ Բաքվի բանտերում է պահում հայ բանտարկյալներին ու պատանդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի, այսպես կոչված, օժանդակ մարմիններն հանդիպում են Բոննում։ Այս կոնֆերանսը, որն անցկացվում է COP29-ին ընդառաջ, ընթանալու է մինչեւ հունիսի 30-ը. այստեղ են լինելու ավելի քան վեց հազար պատվիրակներ աշխարհի բոլոր անկյուններից, որոնք նախապատրաստելու են Բաքվում անցկացվելիք COP29-ի օրակարգը։ Այս առիթով, մենք՝ որպես Գերմանահայ կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներ, առաջին նամակն ենք ուղարկել Գերմանիայի Բունդեսթագի բոլոր պատգամավորներին։ Բոննում շաբաթվա ընթացքում լինելու են նաեւ ուրիշ գործողություններ։
Ի՞նչ կարող եք դուք անել։ Առաջինը՝ դուք կարող եք ձեր սոցիալական մեդիայի էջերում գրառումներ անել՝ հասցեագրելով խնդիրը, նկարներ դնել COP29 հեշթեգով, անձնապես կապ հաստատել ձեր շրջանի պատգամավորի հետ՝ տալով նրան մի պարզ հարց. «Ի՞նչ եք անում Դուք, որ Բաքուն անհապաղ կերպով ազատ արձակի Բաքվի բանտերում պահվող հայ բանտարկյալներին ու պատանդներին, որոնք ցեղասպանության զոհեր են»։ Կարող եք կապ հաստատել ձեր երկրների պատվիրակների, ՀԿ-ների եւ կլիմայի հարցերով ակտիվիստների հետ, որոնք մասնակցելու են Բաքվի կոնֆերանսին կամ որոնք այսօր մասնակցում են կամ առաջիկա շաբաթներին մասնակցելու են Բոննի կոնֆերանսին։ Դուք ինքներդ կարող եք կազմակերպել ձեր երկրներում մեծ եւ փոքր բողոքի ակցիաներ, խրախուսել ձեր ընկերներին ոտքի ելնելու։ Սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ, սա խնդիրը է, որը կարող է մտահոգել ցանկացած մարդու», – ասել է Ջոնաթան Սպանբենբեգը։
Նա նշել է, որ հաջորդ ակցիան Բոննում տեղի կունենա հունիսի 7-ին՝ Համաշխարհային կոնֆերանսների կենտրոնում։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՋՈՒՐԸ ԴԵՌ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱԿԵՐՆ Է ԼՑՎՈՒՄ
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի բնակիչ Էդուարդ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում կրկին ահազանգում է։
Ինչպես 1 օր առաջ գրել էինք՝ Սիլիկյան թաղամասի առաջին փողոցի 2ա տան բակն ամբողջությամբ պատված էր անձրեւաջրով, որի պատճառը հարեւանի կողմից իրականացված զոդումն էր. դրա հետեւանքով ողջ ջուրը լցվում է տան բակեր։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացին պատմել է, որ այս անգամ էլ կոյուղու խողովակներն են վնասվել ու կոյուղաջրերը լցվում են բակ։
«Հենց հիմա խցանվել է խողովակը, ջուրը լցվում է բակ, մի քանի ժամ հետո կբարձրանա կլցվի տուն»։
Էդուարդի խոսքով՝ պատճառը հարեւանի արած աշխատանքն է։
«Ժողովուրդ» օրաթերթ կապ հաատատեց Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Գասպարյանի հետ, վերջինս պատասխանեց, որ տեղյակ է խնդրից, կառուցապատողին կանչել են թաղապետարան՝ խնդրին լուծում գտնելու համար։
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիս ամսին:
Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:
Նա հիշեցրեց, որ 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է:
«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին «Ակադեմիական քաղաք»-ի պատկերացումը եւ հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաեւ ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:
Զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:
«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ «Ակադեմիական քաղաք»-ի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաեւ իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,-ասաց Անդրեասյանը:

ՎՆԱՍՎԵԼԷ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ
Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղը գեղեցիկ բնություն ունի, բնակավայրը երբեմն կատակով կոչում են «Հայկական Հոլիվուդ», այդտեղ են նկարահանվել «Մենք ենք մեր սարերը», «Տղամարդիկ» ֆիլմերից հատվածներ եւ բազում այլ ֆիլմեր։ Մայիսի 26-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհը Խաշթառակ գյուղին կապող կամուրջը վնասվել է, այդտեղով երթեւեկն արգելված է։ Խաշթառակի վարչական ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն ասաց, որ Իջեւանի համայնքապետարանը մասնագետների է հրավիրել, որոնք ուսումնասիրել են կամրջի վնասվածության աստիճանը եւ դրա վերականգնման հնարավորությունները։ Իջեւանի համայնքապետարանը Խաշթառակը Իջեւան քաղաքին կապող այլընտրանքային ճանապահ է բացել։ Այդ աշխատանքների շնորհիվ Խաշթառակից 7 կմ անցնելուց հետո՝ հասնում են Իջեւան քաղաքի «Ռեմբազի թաղ»։ Համայնքապետարանն այժմ աշխատանքներ է կատարում այդ ճանապարհը բարեկարգելու, հարթեցնելու համար։ Ա. Վիրաբյանն ասաց, որ խաշթառակցիների մեծամասնությունը գերադասում է ավտոմեքենայով հասնել վնասված կամուրջ, ոտքով անցել այն, կամրջի մյուս կողմում նստել Իջեւանից պատվիրած մեքենան։

ՀԵՐՈՍԻ ՈՐԴՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՐՑ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւանում ցույցերին մասնակցելիս 72 ժամով ձերբակալել են սահմանամերձ Ոսկեպարից 2 երիտասարդների՝ Ալեն Աղբալյանին եւ Մանվել Ալավերդյանին։ Նրանց ձերբակալման ժամկետը լրացավ հունիսի 3-ին. երիտասարդներն ազատ են արձակվել։ Արենը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցի մեծահարուստ Յուրա Աղբալյանի եղբոր որդին է։ Յուրա Աղբալյանը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցի 3 այլ հարուստների հետ 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանից Ոսկեպար էր եկել՝ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար ոսկեպարցիներին ուղղորդելու նպատակով, ինչն էլ նրանք արեցին։ Սակայն Արեն Աղբալյանը դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման անվան տակ Տավուշի սահմանագոտուց Ադրբեջանին տարածքներ հանձնելուն։ Մյուս ձերբակալվածը Ոսկեպարի լեգենդար հերոս, 1993 թվականին զոհված Հրաչ Ալավերդյանի որդին է՝ Մանվելը։ Մանվելը այս տարվա մայիսի 25-ին Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին հարց-մեղադրանք է ուղղել, ասելով. «Քո ռեժիմը ադրբեջանցիներին մոտեցրել է իմ տանը»։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ այդ հարց-մեղադրանքի համար էլ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել հերոս Հրաչ Ալավերդյանի միակ որդուն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս