«ԴԻՋԻԹԵՔ»-Ը՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսներից VivaTech 2024-ում այս տարի «ARMENIA» միասնական տաղավարում ներկայացավ նաեւ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը` որպես ԱՏՁՄ նախագիծ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ 10 ընկերություններով հայկական պատվիրակությունը «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով Փարիզում մասնակցեց Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից 8-րդ ամենամյա VivaTech միջազգային ցուցահանդեսին։ Աշխարհի տարբեր երկրներից 1000-ից ավելի ստարտափներով ու միջազգային հյուրերով ցուցահանդեսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության թիմը ներկայացրեց հայկական տեխնոլոգիական ներուժն ու հրավիրեց բոլոր այցելուներին հոկտեմբերի 4-6-ին Երեւան` բացահայտելու հայկական առաջատար տեխնոլոգիաները, իսկ հոկտեմբերի 4-7-ը՝ մասնակցելու նաեւ WCIT 2024 / DigiTec-ին` մասնակից դառնալու բիզնես շնորհանդեսների, սեմինարների, B2B հանդիպումների` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։ «ARMENIA» միասնական տաղավար են այցելել նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, VivaTech-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Բիտուզեն եւ ԱՏՁՄ-ի թիմի հետ քննարկել տեխնոլոգիական զարգացումների ու նոր հնարավորությունների մասին։ ԱՏՁՄ գործադիր Սարգսի Կարապետյանը նշել է, որ Վիվաթեքի մեր մասնակցությունը ցույց տվեց, որ մեր DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսը չի զիջում իր որակի կամ մասնակիցների առումով. «Եթե ավելի կարճ բնութագրեմ՝ «ԴիջիԹեքն» իր չափերով փոքր տեղական Վիվաթեք է։
Սակայն, մենք եւս նպատակ ունենք ցուցահանդեսը միջազգային դարձնելու, ուստի հաջորդ տարի աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի որակական փոփոխություններ էլ ունենանք։ ԱՏՁՄ-ն այս տարի Վիվաթեքում մի քանի առաքելություն ուներ։ Նախ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների արտահանման հետաքրքիր պայմանավորվածություն ունենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հետ, որ հետագայում վստահ եմ՝ արդյունքներ կտա։ Բացի դրանից VivaTech-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Բիտուզեի հետ պայմանավորվել ենք փորձի փոխանակում անել։ Դրանից բացի, նաեւ նշեմ, որ ԱՏՁՄ-ն դուրս է գալիս Հայաստանի սահմաններից ու շատ մոտ ապագայում կունենանք այնպիսի ընկերությունների մեր շարքերում, որոնք մեր երկրում չունեն մասնաճյուղեր, սակայն կա՛մ միտք ունեն Հայաստանում գրասենյակ ունենալ, կա՛մ ունեն մեր տեսլականները համընկնում են», – այցն ամփոփել է Սարգիս Կարապետյանը։
«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը նշել է, որ 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից 2 ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն եւ հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Իսկ մինչեւ 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները «ԴիջիԹեքի» շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ, ինչի մասին եւս պատմել են «Վիվաթեքին» զուգահեռ նեթվորքինգային հարթակներում. «Վիվաթեքի այցելուներին ու տարբեր երկրների ստարտափերներին հատկապես զարմացնում էր մեր հայկական տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսի ծավալներն ու հաճելիորեն զարմանում էին ցուցահանդեսի տարբեր տարիների տեսանյութերի կադրերից։ Մեր տաղավարում հյուրերի համար տպավորիչ էին նաեւ մեր արդյունքները: Մենք էլ նրանց սիրով հրավիրել ենք հոկտեմբերին գալ Երեւան ու իրենց աչքով տեսնել ու ծանոթանալ հայկական տեխնոլոգիական համայնքին», – փարիզյան այցն ամփոփել է «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով եւ արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: «ԴիջիԹեք» 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հունիսի 1-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 10-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ընթացքում Cerebrum Intellectus-ի շրջանավարտներն ամփոփել են դասընթացների շրջանակում ձեռք բերված գիտելիքները, ծանոթացել են NFT-ի, Web3–ի, ինչպես նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Cerebrum Intellectus-ի շրջանավարտները ստացել են Dream Factory-ի Dream փաթեթի եռամսյա բաժանորդագրություն։ Մասնակիցները հնարավորություն կունենան դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում։

Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է։ 10-17 տարեկան պատանիների համար կազմակերպված այս աննախադեպ դասընթացները վարում են փորձառու արվեստագետներ եւ բիզնես ոլորտում գործունեություն ծավալողներ։ Հիշեցնենք, որ Cerebrum Intellectus-ում խմբերի բաշխումը կատարվում է ըստ տարիքի:
Երկու ամիս տեւող դասընթացի շրջանակում երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու թվային արվեստի եւ բիզնես ոլորտի նրբություններին, ձեռք բերելու բազում հմտություններ եւ կյանքի կոչելու սեփական գաղափարները։
Fastex-ի տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է։ Հաջորդ հանդիպման մանրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական էջերին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը եւ ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով:
Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետեւելով առկա կանոնակարգերին։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարեւոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան եւ Ծոցի երկրներ։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:
«Սա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելուն դեպի մեր արտահանման շուկաներ, որը նաեւ պետք է ընդգծել ԵԱՏՄ համատեքստում եւ դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցության էլ ավելի սահուն ապահովման առումով», – ասաց ԱԳ փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին՝ Կոստանյանը տեղեկացրեց, որ այս պահին գործնական փուլ են մտել եւ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը։

ՊԵԿ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,508,210 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11,000,000 ՀՀ դրամ։
20 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 14,627,215 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 9,011,663 ՀՀ դրամ:
13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 12,240,000 ՀՀ դրամ։




Լրահոս