ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են հոբելյանական տարվա ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանց իրականացմանը ներգրավված են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ինչպես նաեւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն ու այլ կառույցներ:
Համերգներ՝ Հայաստանում եւ արտերկրում, հյուրախաղեր, մրցույթներ, հրատարակություններ, հանրահռչակմանն ուղղված ծրագրեր, կապիտալ վերանորոգումներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հանձնաժողով, որի նախագահն էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հոբելյանական հանձնաժողովը ստացել է տարբեր գաղափարներ եւ առաջարկներ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին, այնուհետեւ, դրանք մանրամասն քննարկելով, հաստատել է վերջնական ծրագիրը, որում ներառվել են 21 հիմնական միջոցառումներ: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը պատշաճ կերպով ներկայացնելու համար, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 464 մլն դրամ:
«Հոբելյանական ծրագիրը մի քանի կարեւոր ուղղություններ ուներ. առաջինը՝ մեր տարբեր ստեղծագործական խմբերի հյուրախաղերի միջոցով նրա արվեստի ներկայացումն էր տարբեր երկրներում՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն՝ ամենահեղինակավոր բեմերում հնչեցնելու Խաչատրյանի արվեստը: Այդ իմաստով փորձել ենք հնարավորինս ընդգրկուն աշխարհագրություն ունենալ: Մյուս կարեւոր ուղղությունը մրցութային ծրագրերն են. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մեկնարկն ավանդաբար տրվում է նրա ծննդյան օրը, եւ նախորդ տարի մեծ հանդիսավորությամբ այն իրականացվեց»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նաեւ տարբեր փառատոներ են անցկացվել ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ սահմաններից դուրս:
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարեւորել է մարզերում իրականացված համերգային ծրագրերը՝ ընդգծելով, որ հոբելյանական տարին նշվել է ոչ միայն արտերկրում եւ Երեւանում. դրա կարեւոր մասն են կազմել մարզային համերգները:
Ժաննա Անդրեասյանը կարեւորել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դերը հրատարակչական ուղղությամբ, մասնավորապես՝ գիրք-ալբոմի հրատարակությունը, ինչպես նաեւ նրա ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակումը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում:
Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են եղել նաեւ հրավիրված անձինք:
Տեղում ներկայացվել են ՀՀ ճարտարապետների, երկրաբանների, երկրաֆիզիկոսների, կոնստրուկտորների եւ այլ մասնագետների կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ ուղղված հուշարձանի հնարավոր վերականգնմանը: Նիստի ընթացքում հնչել են կարծիքներ՝ հուշարձանը տեղում ամրակայելու, ինչպես նաեւ տեղափոխման եւ վերստեղծման հնարավորության վերաբերյալ մասնագիտական առաջարկներ:
Հաշվի առնելով շինության ներկա վիճակը, տեղազննության արդյունքում ճարտարապետների եւ կոնստրուկտորի ներկայացրած դիտողությունները՝ որոշվել է շարունակել սողանքների ու գրունտների հետ կապված ուսումնասիրությունները եւ դրանց ավարտից հետո նախարարություն ներկայացնել համապատասխան էսքիզային առաջարկ:

ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երեւան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երեւանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 եւ թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:
Ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին, նպատակ ունի մոսկովյան արվեստասեր հանրությանը ներկայացնելու թանգարանը, բացահայտելու բժիշկ-կոլեկցիոների հավաքածում առկա հայտնի նկարիչների դեռեւս չցուցադրված աշխատանքները: Ցուցադրության 2 սրահները ներառում են բազմաթիվ հայտնի նկարիչների գրաֆիկական եւ գեղարվեստական աշխատանքներ: Մոսկովյան հանրությանը Երեւանի Ռուսական արվեստի թանգարանը ներկայանում է այնպիսի հայտնի անուներով, ինչպիսիք են Կ. Կորովինը, Բ. Գրիգորիեւը, Վ. Սերովը, Ն. Ռերիխը:
Ցուցահանդեսի շրջանակում երկու թանգարանների աշխատանքային համագործակցությամբ հրատարակվել է նաեւ պատկերագիրք, որը գիտահետազոտական աշխատանքի կարեւոր արդյունք է:
Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է «Արծաթե դարաշրջանի»՝ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։ Մեծանուն բժիշկը որոշում է իր հավաքածուն նվիրել Հայաստանին: Արդյունքում՝ 1984 թ. Երեւանում պաշտոնապես այցելուների առջեւ իր դռներն է բացում «Պրոֆ. Ա. Հ. Աբրահամյանի հավաքածու» թանգարանը։

ԽԱՂԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՆՅՈՒԹ ՏՎԵՑ
Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մատյաժ Կեկն ամփոփել է Հայաստանի ընտրանու դեմ խաղի արդյունքը:
«Ցանկալի հաղթանակ էր թիմային մթնոլորտի եւ երկրպագուներին ուրախացնելու համար: Այս խաղը վերլուծելու շատ նյութ տվեց: Նույնիսկ այն փաստը, որ մենք խաղում էինք առանց մեկնարկային կազմի մի քանի ֆուտբոլիստների, չի կարող արդարացնել չափազանց շատ սխալները, մենապայքարներում պարտությունները եւ «երկրորդ գնդակի» համար պայքարում պասիվությունը:
Այս խաղը մեզ շատ բան ցույց տվեց: Մենք ստիպված էինք փոխել տակտիկան, բայց պետք է հաղթենք նման խաղերը եւ հաղթեցինք», – նշել է մարզիչը:

ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՏ
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լեւան Կոբիաշվիլին կարեւորում է միասնական հայտը, որով Հայաստանն ու Վրաստանը կդիմեն ՖԻՖԱ-ին՝ 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար:
«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու եւ այս կարեւոր նորությունը հայտնելու համար: Մենք եղբայրական պետություններ ենք, պատմական հարեւաններ: Ուրախ եմ, որ միասնական հայտով դիմելու ենք աշխարհի 2029 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոբիաշվիլին:
Վերջինիս խոսքով` ինքը ոչ միայն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, այլ նաեւ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է, եւ եվրոպական ասոցիացիան ամեն կերպ իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախաձեռնություններին:
«Երկու երկրներն էլ փորձառու են միջազգային մրցաշարեր հյուրընկալելու առումով: Իսկ թե ինչ է պետք աշխարհի երիտասարդների առաջնության հյուրընկալության համար, ապա կարող եմ ասել, որ շատ կարեւոր են ենթակառուցվածքները: Երկու երկրներիս համար շատ կարեւոր կլինի աշխարհի երիտասարդների առաջնության հյուրընկալումը: Վստահ եմ` միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ»,-ասաց նա:
Հայաստանը եւ Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի եւ Վրաստանի միասնական հայտին։
Աշխարհի երիտասարդների առաջնության անցկացման վայրը պարզ կլինի 2025 թվականին:




Լրահոս