Ինչ կորոշի փաստաբանական համայնքը. ԱԺ-ում հանդիպման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Փաստաբանական համայնքն մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբանները պահանջում են Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ, վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է:

Նկատենք, որ այս նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ երկուշաբթի օրը քվեարկվելու է երկրորդ ընթացմամբ:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ֆանյանի հետ:

– Տիկի՛ն Ֆանյան, նախագիծն առաջին ընթերցմամբ անցել է, սակայն փաստաբաններին հնարավորություն տվեցին հանդիպել նախագծի հեղինակների հետ Ազգային Ժողովում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են փոփոխության ենթարկել խնդրահարույց կետերը: Ի՞նչ քննարկվեց եւ ովքե՞ր էին ներկա:

-Ներկա էր Նոտարական պալատի ներկայացուցիչը, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, Հարկային մարմնից կային ներկայացուիչներ: Քննարկվեցին մեր կողմից բարձրացված հարցերը, մենք մեր մտահոգությունները եւս մեկ անգամ ներկայացրեցինք, քանի որ որքան ուսումնասիրում ենք, այնքան ավելի մեծ խնդիրներ ենք հայտնաբերում: Ըստ էության պատրաստակամություն հայտնեցին ներքին քննարկման ընթացքում եւս մեկ անգամ անդրադառնալ բարձրացված հարցերին եւ տեսնել, արդյոք կոնսենսուսային որեւէ տարբերակ կարող են գտնել, թե ոչ:

– Ազգային ժողով Փաստաբանների պալատից ովքե՞ր են գնացել:

-Ներկա էին Փաստաբանների պալատի նախագահը, տեղակալը եւ Հանրային պաշտպանի գրասենյակի նախագահ Գեւորգ Մկրտչյանը:

– Իսկ Ազգային ժողովի ներկայացուցիչները ովքե՞ր էին:

-Պարո՛ն Թունյանն էր եւ հարկային մարմնից ու նոտարական պալատից կային ներկայացուիչներ, քանի որ այդ նախագիծը նաեւ իրենց է վերաբերվում: Ինչպես նաեւ ներկա էին տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, ում բեռն այս նախագծով նույնպես ավելանում է: Հանդիպման ընթացքում ներկայացվել են խնդրահարույց հարցերը, հնչել են հարցադրումներ, որոնց սպառիչ կերպով պատասխանել ենք: Պատրաստակամություն են հայտնել ներքին քննարկման շրջանակներում անդրադառնալ այդ հարցերին եւ փորձել կոնսենսուսային տարբերակներ գտնել՝ եթե հարկ համարեն:

– Նկատառմանը, որ նախագծի ընդունման հետեւանքով անպաշտպան են մնալու ՀՀ շարքային քաղաքացիները, բարձրաձայնվե՞ց:

-Այո իհարկե, սակայն հեղինակներն ու նախագծի ընդունմամբ շահագրգռված անձինք ընդունում են, որ այդ խնդիրը կա, սակայն խնդիրը կարծես միայն մեզ է հուզում, քանի որ այդ նկատառման վրայով պետությունը շատ սահուն անցում է կատարում: Միայն փաստաբաններին է հուզում այն հարցը, որ քաղաքացու հարկային բեռը ավելացվելու է:

– Դուք հանդիպումից որեւէ սպասելիք ունե՞ք առ այն, որ փաստաբանների մասով այդ կետը դուրս կգա:

-Ես անձնապես որեւէ սպասելիք չունեմ: Ինձ մոտ տպավորություն է, որ շատ կառուցողական քննարկում են ուզում անել, որովհետեւ մտահոգիչ է այն, ինչ ասում ենք, բայց իմ անձնական տպավորությունն այնպիսին է, որ ոչինչ չի փոխվելու եւ պետության նպատակը փաստաբաններին ավելացված արժեքի հարկի դաշտ տեղափոխելն է: Պետությանը բաձարձակ չի հուզում, որ քաղաքացու իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը տուժելու է:

– Ո՞րն է լինելու փաստաբանների հաջորդ քայլը:

-Դեռեւս քննարկում չի եղել: Առաջիկայում ակումբի նիստ կհրավիրենք եւ կհասկանանք մեր անելիքները:

Քնար Մանուկյան




Լրահոս