Պետական պահպանության ծառայող, նախագահի անվտանգության աշխատակիցը վթարի է ենթարկել քաղաքացուն և զրկել կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է եղել Կոտայքի մարզում քաղաքացուն վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը: ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Արամազդ Ղամբարյանն աշխատում է Պետական պահպանության ծառայությունում՝ նախագահի անվտանգությունում:

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Նաիրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, մարզի օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամազդ Ղ.-ն, իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Տաթևիկ Ս.-ին։Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսենյանը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժին պետ Հայկարամ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Վ. Կակոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել և ահազանգել է շտապօգնություն. այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման մոտ, իսկ ստորգետնյա անցումն ամբողջությամբ կահավորված է լուսավորությամբ ու բավական անվտանգ է։ Հետևաբար, եթե հետիոտնը անցներ ստորգետնյա անցումով, ապա ողբերգական դեպքը տեղի չէր ունենա։

Քնար Մանուկյան




Լրահոս