ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն եւ, վերջապես, Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանի` «Ժողովուրդ» թերթի դեմ հայցով նախնական դատաքննության նիստն էր:
Նախ` կողմերը դատարանին ներկայացրեցին վավերականությունը հավաստող լիազորագրեր: Ապա պարզվեց, որ հայցվոր Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Գնել  Նազարյանը չի ստացել հայցադիմումի պատասխանը: Դատավոր Ռուբեն Ափինյանի հարցին, թե ինչու չի ապահովվել այս ընթացակարգը, «Ժողովուրդ»-ի շահերը ներկայացնող Հակոբ Ճարոյանը հայտնեց, որ ուղարկված ծրարը հետ է վերադարձել, քանի որ Հարությունյանը հայցադիմումում նշված հասցեում չի բնակվում: Հայցվորի ներկայացուցիչը պարզաբանեց, որ ինքը դատարանին տեղեկացրել է փաստաթղթերն իր անձնական հասցեով ուղարկելու մասին: Պաշտպան Ճարոյանը նկատեց, որ «դատարանին», այլ ոչ պատասխանող կողմին: Դատավորն էլ բացատրեց, որ պետք էր պատասխանող կողմին տեղյակ պահել: Ի վերջո, դատարանը որոշեց պատասխանին ծանոթանալու համար ժամանակ տրամադրել հայցվոր կողմի շահերի ներկայացուցչին:
Այս ընթացքում նախագահող Ռուբեն Ափինյանը, ուսումնասիրելով հայցվոր Բենիկ Հարությունյանի փաստաթղթերը, դահլիճից հարցրեց. «Էն հոգեբա՞նն է` Կաշպիրովսկին, որ հեռուստատեսությամբ ցույց են տալիս»: Դատավորը Բենիկ Հարությունյանին շփոթել էր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ:
Ինչեւէ, հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ից Բենիկ Հարությունյանը որոշեց վիրավորվել (նաեւ` զրպարտվել) սեպտեմբերի 9-ի համարում հրապարակված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ հոդվածից: Հոդվածում մենք ներկայացրել էինք ինչպես ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ նրա գործընկեր Արմեն Ասրյանի մեղադրանքները, որ Բենիկ Հարությունյանը համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակով իրենցից շուրջ 205 հազար ԱՄն դոլարի գումարներ է վերցրել ու չի վերադարձրել, այնպես էլ անձամբ Բենիկ Հարությունյանի եւ իր ներկայացուցիչ Մհեր Սիմոնյանի պարզաբանումներն ու ամերիկյան գործընկերների հասցեին փոխադարձ մեղադրանքները: Սա կարելի է պարզել շատ հեշտ եղանակով, օրինակ` վերցնել  քանոնն ու սանտիմետրերով հաշվել, թե հոդվածի տարածքից որքան տեղ է հատկացվել Հարությունյանենց, որքան` ամերիկյան գործընկերներին: Սակայն պարոն Հարությունյանը նախընտրել է վիրավորվել 2 միլիոն դրամի չափով: Ըստ ամենայնի` Հարությունյանի որոշման համար պատճառ են դարձել մեր գնահատողական դատողությունները, մինչդեռ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դատարանը համանման «գնահատողական դատողություն» ունի Բենիկի դեմ, ավելի ճիշտ` վճիռ այն մասին, որ Բենիկ Հարությունյանը Նունե Սերոբյանից եւ Արմեն Ասրյանից վերցրել է  ոչ միայն  205 հազար դոլար, այլեւ անցած  տարիների ընթացքում այն տոկոսների տեսքով  դարձել է մոտ  295 հազար դոլար:  
Հաջորդ նախնական դատական նիստը` նոյեմբերի 29-ին:

լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ՎԵԶԻՐՅԱՆԻ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս