Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել սահմանի հաստատման գործում. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման գործում, Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։

Ընդգծելով, որ համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը, Ալիևը հավելել է, թե «բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը»։

«Մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է նա։

Այս պահի դրությամբ, հայկական կողմի փոխանցմամբ, կա 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում են Երևանն ու Բաքուն ավարտել Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։

Եգիպտոսի նախագահ ալ-Սիսին, իր հերթին, կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերը և այդ ջանքերին աջակցություն հայտնել, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ այդ ջանքերը մեծ ներդրում կունենան տարածաշրջանի երկրների և ժողովուրդների զարգացման գործում։




Լրահոս