«30-30-30» մեթոդը օգնում է նիհարել եւ վարժվել առողջ կենսակերպին. The Conversation

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«30-30-30» մեթոդը, որը լայն տարածում է ստացել TikTok-ում, օգնում է առողջ սովորությունների մշակմանը եւ նիհարելուն։ Այս մասին փորձագետները պատմել են The Conversation-ին։

Մեթոդի համաձայն՝ անհրաժեշտ է արթնանալուց հետո 30 րոպեի ընթացքում ուտել 30 գրամ սպիտակուց, իսկ հետո 30 րոպե հատկացնել ցածր կամ չափավոր ինտենսիվությամբ աերոբիկային։ Այս մոտեցման կողմնակիցները հավաստիացնում են, որ այն օգնում է նիհարել՝ պահպանելով մկանները։

Սպիտակուցը շինանյութ է բջիջների համար։ Մարդկանց, ովքեր մշտապես մարզվում են կամ ցանկանում են նիհարել, խորհուրդ է տրվում օրական օգտագործել 1,2-2 գրամ սպիտակուց մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաները (ավելի քան 2 գրամ սպիտակուց մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի համար) օգնում են պահպանել մկանները նիհարելու ժամանակ։ Շատ մարդկանց նախաճաշը կազմված է տոստերից, թխվածքներից կամ այլ ածխաջրերից։ Այդ պատճառով դրանում սպիտակուց չկա, դրա համար էլ 30 գրամ սպիտակուցի օգտագործումը արթնանալուց հետո 30 րոպեի ընթացքում կօգնի ավելացնել դրա ընդհանուր սպառումը, կլիցքավորի էներգիայով եւ թույլ կտա ուտել ավելի քիչ կալորիաներ օրվա ընթացքում։

Որոշ հետազոտություններ պարզել են, որ առավոտյան մարզումներն օգնում են նիհարել եւ բարելավել սրտի առողջությունը։ Բայց բավական թվով փորձեր ցույց են տալիս, որ մարզումների ժամանակը նշանակություն չունի առողջության համար։ Սպորտով զբաղվելու ամենալավ ժամն այն է, որը թույլ է տալիս մարդուն մշտապես մարզվել։ «30-30-30» մեթոդը ենթադրում է նաեւ, որ մարզման ինտենսիվությունը պետք է լինի ցածր կամ չափավոր։ Սակայն փորձերը ցույց են տալիս, որ բարձր ինտենսիվությամբ մարզումները պակաս արդյունավետ չեն։

Մոտեցման կողմնակիցները խորհուրդ են տալիս 30 րոպեանոց մարզումներ։ Փորձագետները կարծում են, որ այդ նպատակն իմաստ ունի. դրան հեշտ է հասնել, ինչպես նաեւ մարզման այդ տեւողությունը թույլ է տալիս այրել բավականաչափ կալորիաներ եւ բարելավել սիրտ-անոթային համակարգի առողջությունը։

«30-30-30» մեթոդի գլխավոր օգուտը սովորությունների ձեւավորումն է, որոնք միասին կարող են նպաստել առողջությանը եւ քաշի նվազմանը։ Մոտեցումը չի օգնի նիհարելուն ինքնին, բայց կարող է հեշտացնել պրոցեսը, եթե պահպանվեն առողջ սննդակարգը եւ ակտիվությունն օրվա ընթացքում։




Լրահոս