ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի՝ Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։
«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել էր մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե «Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը»: Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ինքը գործելաոճ դարձած աբսուրդ հայտարարություններ և ստեր չի մեկնաբանում: