Ամփոփվել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքները: Մրցույթի երեսուն հաղթողները համապատասխան հավաստագրերը ստացել են գործընկեր Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանից «Կարաս գինիներ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Ինչպիսին կդառնաք՝ դա առաջին հերթին Ձեր որոշումն է և կամքը՝ իրականացնելու ապագայի Ձեր տեսլականը: Այս տեսանկյունից «Կարաս գինիներ»-ում միջոցառման կազմակերպումը պատահական չէ: Էդուարդո էռնեկյանը, կյանքի կոչելով Հայաստանում ներդրում կատարելու որոշումը, հեղաշրջում կատարեց հայկական գինեգործության ոլորտում: Այն, ինչ տեսնում եք՝ գինեգործության ոլորտում միջազգային լավագույն ավանդույթների, փորձառության ներդրման և գրագետ մոտեցման արդյունք է: Կրթվեք, եղեք գրագետ մասնագետ, ընդունեք որոշում և քայլ առ քայլ կյանքի կոչեք Ձեր երազանքը՝ սա է մեր խորհուրդը Ձեզ»:
ԵՊՀ Ուսխորհրդի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Կոնվերս Բանկին և պարոն Գրիգորյանին՝ կարևորելով աջակցությունը կրթությանը ոչ միայն ֆինանսական, այլև կրթական համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից:
Հավաստագրերի հանձնմանը հաջորդեց հյուրասիրություն և շրջայց խաղողի այգիներում ու գինու գործարանում:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր ԵՊՀ Ուսխորհրդի 30-ամյակի և Կոնվերս Բանկի 30-ամյակի միջոցառումների շրջանակում: Դրան մասնակցել են ԵՊՀ բակալավրի 1-3-րդ կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողները, ովքեր ներհամալսարանական ու արտահամալսարանական բարձր հասարակական ակտիվություն են ցուցաբերում։