Անվտանգ, բայց Ռուսաստանի գրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին կայացած Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո,  որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ  կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ»,  Ուկրաինայի Ռադայում հնչեցին կոչեր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և մեր երկրում Ուկրաինայի  դեսպանին հետ կանչելու մասին:

Զուգահեռաբար `  եվրոպական տարբեր  երկրների դիվանագիտական խողովակներով բացասական ազդակներ փոխանցվեցին ինչպես Հայաստանի ` օտար լիգայում խաղալու, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հեռանկարի հետ կապված:  Փոխարենը, սակայն, Ռուսաստանին անվերապահ նվիրվածության  այս վերջին հրապարակային դրսևորումից հետո  Սերժ Սարգսյանը առավել վստահ տոնով հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության մակարդակը երբեք այսքան բարձր չի եղել:

Երեկ, սակայն, Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը «Ազատության»-ն ասել է, թե Հայաստանի իշխանություններն իրեն տեղեկացրել են, որ  Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը  միայն ճանաչել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

Դեսպանը,  չողջունելով հանդերձ Ղրիմի մասով ինքնորոշման իրավունքի հետ կապված Ս. Սարգսյանի հայտարարությունը, այդուհանդերձ, նշել է, որ դա ընկալելի կարելի է համարել` հաշվի առնելով Ղարաբաղի հարցը:

Սակայն այդպիսով ` Գերմանիայի դեսպանը, փաստորեն, բացահայտել է ՀՀ իշխանությունների վարած երկակի խաղը: Իհարկե,  այս դեպքում նման դիվանագիտական «մանևրները» միայն ողջունելի են, քանի որ Հայաստանի շահերից է բխում չեզոքության պահպանումը ` բնականաբար ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման: Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ   դա արվել է բավականին ՙկացնային ձևով՚, ինչի արդյունքում,  պաշտոնական Երևանի  վրա առաջիկայում կուժեղանա ռուսական կողմի ճնշումը` առավել հստակ դիրքորոշում հայտնելու պահանջով:

Եվ  որքան էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե «մենք ունենք մի որակ, մի հատկանիշ` մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք` սա է մեր շահը», ակնհայտ է, որ   ստեղծված իրավիճակում թե՛ Արևմուտքին, և թե՛ Ռուսաստանին հնարավորինս դիվանագիտորեն մոլորեցնելուց բացի Սերժ Սարգսյանն այլ ճանապարհ չունի: Այլ բան է, որ ինչպես նա ինքն է նշել, նման գործիչները քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունենում:




Լրահոս