Ո՛Չ ՆԱԼԻՆ, Ո՛Չ ՄԵԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա երեկ քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, կայացրել էր իր  որոշումը (ամբողջ տեքստը 6-րդ էջում):

ՀԱՐՑ.  Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Լուրջ չեմ վերաբերվում  այդ որոշմանն էն իմաստով, որ ոչ մի լավ բան չեմ սպասում ՄԻՊ-ի դիմումից Սահմանադրական դատարան ու ոչ մի լավ բան չեմ սպասում Սահմանադրական դատարանի որոշումներից:

 ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի
թողարկման պատասխանատու

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ այս անգամ եւս Գագիկ Հարությունյանն իր ոճին ու իր կերպարին հավատարիմ մի կիսահղի որոշում է կայացրել, այսպես ասած, «ո՛չ նալին, ո՛չ մեխին» տարբերակով: Սա է իմ նախնական կարծիքը:  Լավ. բա վերջն ի՞նչ է նշանակում այդ վճիռը: Հասկացանք, որ օրենքը չի ճանաչում հակասահմանադրական, բայց  դա ի՞նչ հետեւանք կունենա, եւ օրենքում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ: Արդյո՞ք Գ.Հարությունյանն իրականացրել է  ընդամենը իրավական խորհրդատվություն, որն ուղղված է դատավորներին, որ հետագայում վերջիններս օգտվեն իր տված խորհուրդներից, թե ոչ` դժվար է ասել: Կարծում եմ, մինչեւ ՍԴ-ի որոշման ողջ տեքստին չծանոթանանք, ոչ մի բան չենք կարող ասել:  

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռ տարիներ առաջ մի խումբ լրատվամիջոցներ փորձում էինք ՄԻՊ Կարեն Անդրեասյանին համոզել, որ «զրպարտության» այդ չարաբաստիկ օրենքն ուղղված է մարդու խոսքի ազատության դեմ: Նա այն ժամանակ չընդունեց մեր ասածը ու հիմա փորձում է ուղղել իր սխալը: Լավ կլինի, որ իր արածի համար ներում հայցի: Կարծում եմ, որ թե՛ ՍԴ-ի, թե՛ ՄԻՊ-ի կողմից սա ուղղորդված խաղ է: Ես ցավում եմ երկուսի համար էլ:   

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Ժամանակ» օրաթերթի խմբագիր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես բազմիցս առիթ ունեցել եմ հայտարարելու, որ ՍԴ-ից առանձնապես ակնկալիքներ չունեմ, քանի որ Գագիկ Հարությունյանը ղեկավարում է մի հաստատություն, որը ոչնչով չի տարբերվում Հայաստանի դատական մյուս ատյաններից: Այս դեպքում ցավով պիտի նշեմ, որ կանխատեսումներս իրականացան, եւ ՍԴ-ն ոչնչով չօգնեց ԶԼՄ-ների առջեւ դրված խնդիրների լուծմանը: Միայն տուգանքների նվազագույն շեմն իջեցնելը չի նշանակում ապահովել երկրում խոսքի ազատությունը: Վտանգներն ամբողջովին չեն չեզոքացվել:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ ամբողջ որոշմանը դեռ տեղյակ չեմ, բայց առաջին հայացքից  պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանը բավականաչափ առաջանցիկ քայլ է անում օրենքի կիրառման առումով, մասնավորապես սահմանում է արտադատարանական օրենքի կիրառման անհրաժեշտությունը, երկրորդ` ԶԼՄ-ի պատրաստակամությունից է կախված` արտահայտված կարծիքի վերաբերյալ ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ: Բայց եթե լրատվամիջոցը պատրաստակամ է ներում հացել իր հրապարակման համար, այս դեպքում կիրառելի չէ  փոխհատուցան համար սահմանված տուգանքի չափը: Եւ  երրորդ`  համաչափության սկզբունքն է, այսինքն`  նվազեցնել տուգանքի սահմանված չափը, քանի որ թերթի տարեկան ստացած եկամուտն ու ՍԴ-ի կողմից նշանակված տուգանքները չեն համապատասխանում իրար:  

ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆ
 «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս