Խորհրդարանն, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումներ կան:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է:
Այս ամենի պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար նաև գները։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամները գործադուլ են անում և պահանջում, որ ԱԺ-ն օրենքի նախագծից հանի փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները։
Օրեր առաջ էլ փաստաբանները ԱԺ-ում հանդիպում էին ունեցել պատգամավորների հետ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ չնայած փաստաբանական համայնքի դժգոհություններին, ՔՊ-ն մտադիր է արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել նախագիծը:
Քրիստինա Մուշեղյան