ՀՀ սահմանադրական դատարանը, 2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող սահմանադրաիրավական բովանդակության եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հաշվի առնելով տվյալ հոդվածի կիրառման փուլում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորված պաշտպանության հրամայականը՝ սահմանադրական դատարանը, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական նախադեպի եւ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից ելնելով, մասնավորապես, գտել է.
– նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին եւ լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,
– վեճի առարկա հոդվածի իմաստով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, եւ «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ,
– անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,
– այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար, եւ այն չի դիտվում որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք,
– այդ փոխհատուցումը տարանջատվում է գույքային վնասից,
– զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը կրում է միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,
– չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին,
– մամուլի ներկայացուցիչների՝ պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն՝ առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար,
– պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը՝ նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, եւ արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաեւ հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից,
– նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաեւ մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,
– արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, եւ նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,
– վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,
– ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,
– փոխհատուցման՝ օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,
– լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ,
– փոխհատուցում սահմանելիս պետք է հաշվի առնվի ներողություն հայցելու պատրաստակամության առկայությունը կամ բացակայությունը,
– հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից՝ հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի՝ փոխհատուցման չափը որոշելիս,
– պետք է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել եւ օգտագործվել են արտադատական հատուցման ձեւերը, այդ թվում՝ կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները,
– պետք է պարտադիր կերպով կողմերին առաջարկվի հաշտության գալ եւ աջակցություն ցուցաբերվի այդ հարցում։ Հաշտեցման առաջարկը վնասը գնահատելիս պետք է դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք,
– պետք է բացահայտ կերպով ճանաչվեն ճշմարտությունը պաշտպանելու իրավունքը, կարծիքը պաշտպանելու իրավունքը եւ այլ անձանց խոսքը փոխանցելու իրավունքը:
Սահմանադրական դատարանը գտել է, որ բերված մոտեցումները բխում են նաեւ վեճի առարկա հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից ու պետք է դրվեն այդ հոդվածի կիրառման հիմքում, իսկ «զրպարտություն» եւ «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկվեն դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում։
ՀՀ սահմանադրական դատարանը նաեւ իրավական դիրքորոշում է արտահայտել փոխհատուցման՝ առավելագույն սահմանի նվազեցման առումով, վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ