ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», – ասել էր Բագրատ Սրբազանը։




Լրահոս