Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց, որ հունիսի 17-ին՝ եկող երկուշաբթի օրը, պետք է ԱԺ նիստ տեղի ունենա կառավարության հրաժարականի օրակարգով։
Նշենք, որ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ այս մասին հայտնել էր, որ «ՔՊ» խմբակցությունը չի պատրաստվում ներկա գտնվել այդ նիստին և այդպիսով քվորում չի ապահովվի։
Արծվիկ Մինասյանի երեկվա հայտարարությունը ոչ միանշանակ էր ընդունվել բոլորի կողմից, որոնցից մեկն էլ իրավաբան Գևորգ Պետրոսյանն է։
ArmLur.am-ը կապ է հաստատել իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ, ով իր ֆեյսբուքյան անձնական էջում անդրադարձել էր այս թեմային, պարզելու համար, թե ինչումն է կայանում իր զարմանքը կապված Արծվիկ Մինասյանի հայտարարության հետ։
Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կա երկու ճանապարհ այս ամենին՝ արյունոտ և անարյուն։
«Այսօր մենք ունենք անարյուն ճանապարհ և արյունով հավանական լեցուն ճանապարհ։ Հիմա, եթե ԱԺ-ն պաշարեն, գրոհեն, չգիտեմ ինչ անեն, բնական է, այնտեղ լինելու են բռնաճնշումներ ոստիկանության կողմից, որն այսօր ծառայում է մի հոգու՝ հետնամասերը ապահովագրելու համար, ուրիշ ոչ մի առաքելություն չի իրականացվում և երկրորդը՝ անարյուն ճանապարհ։ Հիմա ես՝ որպես իրավաբան, անարյուն ճանապարհը դա եմ տեսնում,որ խորհրդարանական ընդդիմությունն ամբողջությամբ վայր դնի մանդատները և ստեղծի խորհրդարանական ճգնաժամ, ուրիշ լուծում չկա։ Ճիշտ է, սահմանադրությամբ ուղղակիորեն գրված չի, որ ընդդիմության բացակայությունը մեխանիկորեն առաջացնում է Ազգային ժողովի լուծարում, բայց մենք ունենք նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք, համաձայն որի, 41-րդ հոդվածն է, իրավական նորմերը պետք է ենթարկվեն համակարգային մեկնաբանման, իսկ սահմանադրության բազմաթիվ նորմերի, 88-րդ հոդվածի առաջին մասի, երրորդ մասի, 104 հոդվածի, 105 հոդվածի, սա Ազգային ժողովի կանոնակարգ սամանադրական օրենքի 16 հոդվածներում օգտագործվում է «ընդդիմադիր խմբակցություն» հասկացությունը, հետևաբար դա նշանակում է ուղղակիորեն, որ այդ համակարգային մեկնաբանման արդյունքում, որ եթե Ազգային ժողովում չկա ընդդիմություն, այդ Ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Հիմա, եթե մենք հնարավորություն ունենք անարյուն ճանապարհով լուծել Ազգային ժողովի հարցը և դրան հաջորդեն նոր ընտրություններ, և բնականաբար նաև նոր ընտրված Ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրություն, մենք հիմա ինչո՞ւ ենք ժողովրդին տանում անորոշության, արյունահեղության։ Սա է իմ ասածը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Աննա Սրապիոնյան