ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին Արցախի հանձնումից եւ արցախահայության բռնի տեղահանումից հետո 120 հազար մարդ բախվեց բազմաթիվ տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային եւ այլ խնդիրների:

Մի շարք խնդիրների կողքին այսօր «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է բռնի տեղահանված արցախահայերի համար առողջական ոլորտում առաջացած խնդիրներից մեկին՝ պրոթեզների փոխհատուցման բացակայությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արցախից բռնի տեղահանված Սպարտակ Հովսեփյանի հետ:
-Պարո՛ն Հովսեփյան, խնդրում եմ նշել, թե ինչ խնդրի եք բախվել տեղահանությունից հետո, որը լուծել չի ստացվում:
-Խնդիրն այն է, որ տեղափոխվելուց հետո՝ նոյեմբերի սկզբին, կոտրվել է պրոթեզս: Դիմել եմ բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ սոցապ նախարարություն, Էջմիածնի սոցապ ծառայություն, որտեղից ուղարկել են նախարարություն, նախարարությունից՝ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչություն, այնտեղից՝ գլխավոր շտաբ, ապա արխիվ եւ հարցը չի լուծվել: Սոցապ նախարարությունից խնդրել եմ ինձ գրավոր փաստաթուղթ տալ այն մասին, որ իմ հարցը չի լուծվում, սակայն ասել են, որ պետք է բնակության վայրում դիմում գրեմ: Դիմում եմ գրել Էջմիածնի սոցիալական ապահովման ծառայությունում՝ հաշմանդամության կարգը վերականգնելու եւ պրոթեզ ստանալու համար: Պրոթեզի տրամադրումը ի սկզբանե մերժել են, իսկ հաշմանդամության կարգը վերականգնելու համար ասել են, որ պետք է նորից բժշկական քննություն անցնեմ: Այս դեպքում էլ, սակայն, փաստեր չունեն, որ ես զինվորական եմ, եւ կգրանցեն զուտ որպես քաղաքացիական հաշմանդամության կարգ ունեցող:
Հակառակ ապացույցների բացակայությանը՝ ինչպես իրենք են նշում, հոկտեմբերից վերականգնվել է որպես 2-րդ կարգի հաշմանդամ ստանալիք թոշակս: Նույնիսկ սոցապ նախարարությունում հարցրել եմ. «Եթե ես հաշմանդամ չեմ, ապա ինչպե՞ս է թոշակս վերականգնվել: Ինչի՞ հիման վրա եք ինձ թոշակ տալիս»: Հարցիս ի պատասխան՝ ասել են, որ տեղյակ չեն, իսկ թոշակների դեպքում փոխանցումներն արվում են, քանի որ Արցախից բերվել է թոշակառուների տվյալների բազան: Սակայն, այդպես էլ չկարողացան ասել, թե ինչու համար եմ ես թոշակ ստանում, եթե ապացույց չունեն հաշմանդամության կարգ ունեցող անձանց ցանկերով. իսկ կարգի տրամադրման դեպքում պիտի ապացույց ունենան:
-Չե՞ն հիմնավորում, թե մերժման պատճառը որն է:
-Ասում են, որ թղթերս մոտս չեն, եւ չեն կարող առանց դրա հաշմանդամության կարգս վերականգնել: Պետք է գնամ կրկին ստուգում անցնեմ, որպեսզի հաշմանդամության կարգս վերականգնվի, սակայն արդեն՝ որպես քաղաքացիական կյանքի հետեւանք:
-Այլ կառույցների փորձե՞լ եք դիմել:
-Վերոնշյալ կառույցներից բացի ո՛չ:
-Լինելով այս խնդրի մեջ՝ ի՞նչ եք կարծում նման խնդրի բախվողնորը շա՞տ են:
-Այո՛, շատերն են բախվել այդ խնդրին, սակայն ոմանք իրենց թղթերը կարողացել են հետները բերել եւ հեշտությամբ վերականգնել են իրենց փաստաթղթերը: Հակառակ դրան՝ նրանց հաշմանդամության կարգը փոխել են այստեղ եւ իջեցրել: Ծանոթներից մեկը Արցախում առաջին կարգի հաշմանդամություն է ունեցել, իսկ այստեղ տվել են երրորդ կարգ: Մեկ այլ ծանոթի, որի երկու ոտքերը կտրված են, երկրորդ կարգ են տվել:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

ԱՊԱՀՈՎՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐԸ
Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձեւակերպում է, քան 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարեւորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում եւ նոր սոցիալական խմբերի ուշադրություն։

Մեր քաղաքական միտքն իսկապես կարծում էր, որ եթե մի օր մի հանրահավաքի դուրս գա «կրիտիկական զանգված», վերջ, իշխանությունը կփոխվի, ու այդպես՝ երկար տարիներ, անկախ նրանից, թե ով էր իշխանությունը եւ ով՝ փոխողը։ Բնականաբար ոչինչ չէր ստացվում։
Ես ուզում եմ հավատալ, որ առանցքայինն իր բովանդակությամբ պետք է տարբերվի կրիտիկականից, թեեւ «առանցքայինի» ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Շարժման այս պահի նպատակը լայն կրիտիկական համախմբում ստանալն է, իսկ դա հնարավոր է լինում, եթե բարձրացվում են լայն եւ տարբեր շերտերի հետաքրքրության, կենսական թեմաներ։ Պարզ ասած՝ կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները։
Շարժումը շատ կարեւոր ու դժվար փուլ հաղթահարել է՝ ձեւավորել է կայուն նոր ընտրազանգված, ջարդել է իշխանական հակաքարոզչության ամենամեծ ալիքը, թակել է մշտական դիտորդ-զգուշավոր- տատանվող շերտերի դուռը, որպեսզի այդ դռները բացվեն, շարժումը այս պահից էապես կարեւորի նոր թեմաներ.
1. Սոցիալական արդարություն
2. Վիճահարույց ճանապարհներով հարստացած նախկին եւ ներկա պաշտոնյաների հանրային փոխհատուցման քաղաքակիրթ, ապաքրեական մեխանիզմներ (Հավաքական գիտակցության մեջ այս թեման կա, եւ այն շրջանցել հնարավոր չէ)։
3. Աշխատողների իրավունքների պաշտպանություն. թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավորում տոտալ խախտումների եւ ճնշումների խնդիրը պետք է լուծվի։
4. Բիզնես միջավայր, շրջհարկի փոփոխություններ. այս իշխանությունը գնում է բիզնես դաշտի էական վատացման ուղղությամբ։ Բիզնեսին պետք է տալ ծանրակշիռ երաշխիք, որ երբեւէ չեն կրկնվելու նախկին հարկային-մաքսային բարքերը, պետք է սկսել բաց երկխոսություն բիզնեսի հետ, եւ բիզնեսը կկանգնի շարժման, այն է՝ Հայաստանում խորքային փոփոխությունների կողքին։
5. Վարկային գերություն։ Կան տարբերակներ, որոնք առաջարկում են ամենեւին ոչ պոպուլիստական մեխանիզմներ, որով հնարավոր է վերանայել շատերի անարդար վարկային պարտավորությունները, օգնել քաղաքացուն՝ դուրս գալ վարկային ստրկությունից։
6. Թանկություն. Հայաստանում կյանքն ակնհայտ արհեստականորեն թանկ է։
7. Բարոյական տոտալ հանրային ճնշում է պետք իրենց անասունի նման պահող որոշ պաշտոնյաների, քարոզիչների վրա, որոնք չեն պահում մարդկային որեւէ սահման։
8. Եվ այլ, բազմաթիվ զգայուն թեմաներ:
Տատանվողներին, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «վախենում եմ ակտիվ լինել, «ի՞նձ ինչ…» ասող խավին կարճաժամկետ փուլում հնարավոր չէ համոզել «զբաղվել քաղաքականությամբ»։ Բայց, հնարավոր է եւ պետք է նրան հետաքրքրվել տալ՝ զբաղվելու սեփական խնդիրներով, ու դա կբերի բնական ուժեղ կոնսոլիդացիայի։
Վահե Վովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ՀԱՅ-ՇՎԵԴԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։
Շվեդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, եւ մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Շվեդիայի գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը: Հայաստանը բարձր է գնահատում իր առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գործում շվեդական կառավարության ցուցաբերած աջակցությունը։
Մեր երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առավել խթանման, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն կապերի սերտացման համատեքստում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստանի եւ Շվեդիայի համագործակցությանը՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի օգտագործմանը։
Մաղթում եմ Ձեզ եւ Շվեդիայի կառավարությանը՝ հաջողություն եւ նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ շվեդ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»։

ԶԵՆՔ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ
«ԱՄՆ-ն չի աջակցում Մոսկվային եւ Կրեմլին ամերիկյան զենքով հարված հասցնելուն», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն (մոտ 320 կմ) հեռավորության վրա Ռուսաստանի խորքում եւ թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին», – ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լրագրողը Բայդենին հարցրել է, թե արդյոք ամերիկյան արտադրության զենքեր արդեն օգտագործվել են Ռուսաստանի տարիքին հարվածելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը Կիեւին թույլ է տվել դրանք օգտագործել Ռուսաստանի կողմից օկուպացված Խարկովի մարզի մոտակայքում:
ԱՄՆ նախագահն ուղիղ պատասխան չի տվել, բայց հասկացել է, որ այդ զենքերը չեն օգտագործվի Ռուսաստանի մայրաքաղաքի կամ Կրեմլի վրա հարձակվելու համար։




Լրահոս