ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԱՊ ՈՒՆԵՐ ԱՎՏՈՎԹԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առեղծվածային դեպք էր տեղի ունեցել հունիսի 1-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին։ Այդ օրը վթարից կյանքից զրկված տղամարդը անցնում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների, շպրտել դրանք եւ կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ վարորդի դին դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։
Վթարի հետեւանքով մահացածը Դավիթ Տերտերյան էր, որ մեղադրյալի կարգավիճակ ուներ՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու քրեական վարույթի շրջանակում:
2023 թվականի սեպտեմբերի 24-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի մասին:
Մասնավորապես՝ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, որը Դավիթ Տերտերյան էր, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաեւ Ա.Բ-ն, որը երեւանի նախկին քաղաքպետ Ալբերտ Բազեյանն է, այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը, որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով՝ զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարելու նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում իշխանության յուրացում. սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Արդյունքում՝ քրեական վարույթով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ։
Միեւնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում եւ հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր եւ այլն։
Որքանով իշխանությունը յուրացնելու նախապատրաստելու քրեական վարույթով անցնող մեղադրյալ Դավիթ Տերտերյանի մահը կապ ունի վթարի հետ՝ դժվար է ասել. հուսանք՝ կպարզի քննությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրավապահ մարմիները շարունակում են բացահայտումներ իրականացնել կեղծ վարորդական իրավունքների դեպքերի մասով: Եվ ահա, հերթական դեպքն է բացահայտվել:
Լեւիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անօրինական գումարներ վաստակելու նպատակով, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ քննությամբ չպարզված օրը, սոցիալական կայք-էջում ստեղծել է «Պրավա 10 օրում» անվամբ օգտահաշիվը՝ այդ եղանակով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու կեղծ պատրվակով անձանցից գումար հափշտակելու նպատակով:

ՈՐԴԻՆ ԾԵԾԵԼ Է ՄՈՐԸ
Արտավազդ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ եւ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իրենից կախվածության մեջ գտնվող մորը՝ կենսաթոշակառու Սեդա Բեգլարի Մանուկյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում: Արտավազդ Լադիկի Մանուկյանը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 87-րդ շենքի 557-րդ բնակարանում իր հետ համատեղ բնակվող եւ իրենից կախվածության մեջ գտնվող, կենսաթոշակառու տարեց մորը՝ 1942 թվականին ծնված Սեդա Բեգլարի Մանուկյանին պարբերաբար, քննությամբ չարզված օրերին եւ ժամերին, տարբեր կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերի ընթացքում, բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ մահվանից մոտ 5-7 օրվա վաղեմությամբ սալջարդ վերք՝ ձախ նախաբազկի վերին, միջին երրորդականների հետին մակերեսին, իսկ 2024 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, հերթական անգամ նշված բնակարանում, անտեսելով տարեց մոր ֆիզիկապես անպաշտպան վիճակը, ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող փակ գանգուղեղային վնասվածք, սալջարդ, վերքեր՝ գլխի, աջից ծոծրակային շրջանում վնասվածք, ստորին շրթունքի ներսային մակերեսին վնասվածք, արյունազեղումներ գլխին, գլխամաշկի տակ՝ ճակատագագաթային շրջանում, քթին, մեջքին, ստորակնակապճային շրջաններում, վերին շրթունքին, կզակային շրջանում, վերին վերջույթներին, քերծվածք եւ արյունազեղում է գրանցվել՝ ձախից վերին շրթունքին, որոնք չեն առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ եւ 167-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքներ, սակայն առաջացրել են առողջության թեթեւ վնաս, ապա տարեց մորն անօգնական վիճակում գցելով հատակին՝ հեռացել է, որի հետեւանքով՝ Սեդա Մանուկյանը սուր կորոնար անբավարարությունից մահացել է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՕԳՆԱԿԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը երեկ հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը եւ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառել տնային կալանք։
Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։

ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջորդությունները:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, զինված 3 քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։
Ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու եւ պայթյուն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:
Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, ում որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Նաեւ հայտնի է, որ Արթուր Մովսիսյանը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է, որը կալանքի տակ է:
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա, ավելի ուշ դեպքի վայր եկան ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Ստեփան Հովակիմյանին։
Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով եթեր էր մտել եւ հորդորել էր ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին։




Լրահոս