«ԱԶՆԱՎՈՒՐ» ՏԵՍԱԿԻ ԿՈՆՅԱԿ՝ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վահե Սոսյանը կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց: Այսպես,. Կարինե Պապյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով կապի մեջ գտնվելով իր նախկին աշակերտ, ՀՀ ՊՆ թիվ 51036 զորամասի ժամկետային զինվորական ծառայող Արմեն Միսկարյանի հետ, տեղեկացել է, որ վերջինս բժշկական հետազոտությունների նպատակով 2024 թվականի հունվարի 11-ին տեղափոխվել է Երեւան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Արմեն Միսկարյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ պարզելու, նրան ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պահելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով Կարինե Պապյանը դիմել է իր ծանոթ Վահե Սոսյանին, ով 2024 թվականի հունվարի 11-ին իր ծանոթ, ինքնությունը դեռեւս չպարզված՝ ոմն Արթուրի հետ գնացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել է նույն հոսպիտալի անոթային վիրաբուժության բաժանմունքի պետ Արման Հակոբյանին՝ վերջինիցս հետաքրքրվելով Արմեն Միսկարյանի առողջական վիճակի մասին:
Նույն ժամանակահատվածում Կարինե Պապյանն Արմեն Միսկարյանի խնդրանքով վերջինիս զինվորական հետագա ծառայությունից ազատելու հարցով դիմել է Վահե Սոսյանին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու դիմաց Արմեն Միսկարյանը եւ նրա մայրը պատրաստ են նաեւ կաշառք տալ:
Տեղեկանալով Արմեն Միսկարյանի եւ Գայանե Մինասարյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին եւ նպատակ չունենալով Արմեն Միսկարյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որեւէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Վահե Սոսյանը Կարինե Պապյանին վստահեցրել է, իբր ունի ծանոթ պաշտոնատար անձինք, որոնց իր միջոցով, 3.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Արմեն Միսկարյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:
Վահե Սոսյանի հիշյալ առաջարկի մասին Կարինե Պապյանը տեղեկացրել է Արմեն Միսկարյանին, ապա պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա եւ վերջինիս մոր՝ Գայանե Մինասարյանի հետ՝ Վահե Սոսյանի պահանջած գումարը նրան փոխանցելու շուրջ:
Արմեն Միսկարյանը եւ Գայանե Մինասարյանը, համաձայնվելով Վահե Սոսյանի պահանջած գումարը նրան փոխանցելուն, միաժամանակ, տեղյակ չլինելով նրա իրական մտադրության մասին, 2024 թվականի հունվարի 11-ից մինչեւ փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնությամբ, Կարինե Պապյանի եւ Արմեն Միսկարյանի ընկերոջ՝ Գրիգոր Մաղաքյանի միջնորդությամբ, ովքեր եւս տեղյակ չեն եղել Վահե Սոսյանի իրական մտադրության մասին, վերջինիս փոխանցել են խոշոր չափի՝ 1.500.000 ՀՀ դրամ եւ 90.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ազնավուր» տեսակի կոնյակ: Մասնավորապես, Արմեն Միսկարյանը եւ Գայանե Մինասարյանը հիշյալ գումարի մի մասը Կարինե Պապյանին փոխանցել են Գրիգոր Մաղաքյանի միջոցով՝ առձեռն, իսկ մյուս մասը՝ նրա հաշվին փոխանցելու եղանակով:
Արմեն Միսկարյանից եւ Գայանե Մինասարյանից ինչպես իր հաշվին փոխանցման եղանակով, այնպես էլ Գրիգոր Մաղաքյանի միջոցով հիշյալ գումարը ստանալուց հետո Կարինե Պապյանը, իր հերթին, 2024 թվականի հունվար-փետրվարին, քննությամբ չպարզված օրերին, իր բնակության վայրի մոտակայքում՝ Երեւանի Աճառյան փողոցի 1 հասցեի մոտ գտնվող վերգետնյա հետիոտնային անցումի մոտ, ընդհանուր երեք դեպքում, Վահե Սոսյանին փոխանցել է 1.400.000 ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած մասից 90.000 ՀՀ դրամով Վահե Սոսյանի խնդրանքով կատարել է գնումներ, ինպես նաեւ 10.000 ՀՀ դրամ փոխանցել է վերջինիս նշած բանկային հաշվեհամարին: Վերոգրյալից բացի, Վահե Սոսյանի պահանջով Կարինե Պապյանն Արմեն Միսկարյանից եւ Գայանե Մինասարյանից վերցված գումարի մնացած մասով՝ 90.000 ՀՀ դրամով, ձեռք է բերել «Ազնավուր» տեսակի կոնյակ, որը փոխանցել է Վահե Սոսյանին:
Այսպիսով, նպատակ չունենալով Արմեն Միսկարյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որեւէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Վահե Սոսյանը Կարինե Պապյանի միջնորդությամբ Արմեն Միսկարյանից ու Գայանե Մինասարյանից ստացել է ընդհանուր առմամբ 1.500.000 ՀՀ դրամ եւ 90.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ազնավուր» տեսակի կոնյակ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

36 ԿԳ ՈՍԿՈՒՑ 24 ԿԳ-Ն ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեւան-Երասխ ավտոճանապարհին 36 կգ ոսկյա ձուլակտորների գործով կալանավորվածներից որեւէ մեկը ցուցմունք չի տալիս: Ավելին մեզ հասած տեղեկությունների համաձայն անհետացած 36 կգ ոսկուց 24 կգ-ը հայտնաբերվել է, իրավապահները ման են գալիս մնացած ոսկին եւ գումարները:

Ավելին ,մեզ հասած լուրերի գործով կալանավորված է բուն կատարողներից մեկը , որը կապանի բնակիչ է եւ հրաժարվում է ցուցմունք տալ, իսկ գողություն կատարած մյուս 3 հիմնական դերակատարների դեռ փնտրում են :Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված են նաեւ երեք եղբայրներ: Նկատենք, որ գործով կալանավորվածների կալանքի ժամկետը մոտենումէավարտի եւ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից միջնորդություներ է ներկայացնում դատարան կալանքը երկարացնելու մասով:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան», ինչպես նաեւ դատավորի սանիկ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ Է ՊԱՅԹԵԼ
Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել են բազմաթիվ ահազանգեր, նաեւ աշխատել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգը. Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, բռնկվել էր հրդեհ։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է հրդեհի «Թիվ 3» կանչ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 13 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ, 1 փրկարարական ջոկատ եւ համայնքային 12 ջրատար, որոնցից 5-ը՝ Երեւանի քաղաքապետարանից, 3-ը՝ Աբովյան համայնքից, 1-ական՝ Նոր Հաճն եւ Ակունք համայնքներից, եւ Բալահովիտ համայնքի բնակչի 2 ջրատար։
Ըստ նախնական տվյալների՝ Երեւան-Սեւան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) եւ 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Այրվել են «Mercedes» եւ «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։
Հունիսի 7-ի ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը։
Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման եւ սառեցման աշխատանքներ։
Ժամը 10.00-ի դրությամբ Երեւան-Սեւան ավտոճանապարհի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։




Լրահոս