Դպրոցականների ամառային հանգիստը կրթամշակութային-հետազոտական ժամանցով հարստացնելու, պատանի տարիքից դեպի հետազոտությունը հետաքրքրություն առաջացնելու, աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապն ամրապնդելու նպատակով Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, համագործակցելով Հայաստանի գրողների միության հետ, մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը:
Ծրագիրը, որի կարեւորագույն խնդիրներից է բացահայտել Չարենցի կերպարը, նրա «օգնությամբ» ծանոթանալ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի եւ անհայտ դրվագներին, ստեղծագործական ժառանգությանը, նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ ծրագրի մեկնարկն այլ ձեւաչափով տրվել է նախորդ տարի, բայց, հաշվի առնելով դրական արձագանքները, լրամշակված տարբերակով իրականացնում են նաեւ 2024-ին եւ հույս ունեն, որ այն շարունակական կլինի:
«Այս նախագծի նպատակն է ամառային հանգիստն ապահովել կրթական ժամանցով եւ հետաքրքրություն առաջացնել հետազոտական, կրթական, գիտական աշխատանքի հանդեպ, ինչու չէ՝ աջակցել դպրոցականներին մասնագիտական կրթության հարցում: Ընտրել ենք 14-17 տարեկան դպրոցականներին, քանի որ նրանք կանգնած են մասնագիտական կրթության ընտրության առաջ, իսկ ծրագիրը կարող է նրանց օգնել»,-ասաց Մանուկյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ նախարարության ռազմավարության գլխավոր նպատակներից եւ ուղղություններից մեկը կրթությունն է: «Մենք ամեն կերպ ձգտում ենք ամրացնել կրթական բաղադրիչը, կրթական ծրագրերը թանգարաններում: Այդ նպատակով ենք վերանայել դպրոցական բաժանորդային համակարգը, որն այսուհետ մոտեցված է դպրոցական կրթական ծրագրերին, ստեղծել ենք Մշակույթի զարգացման հիմնադրամ, որը միտված է թեթեւացնել, բեռնաթափել թանգարանների այլ գործառույթները, որ թանգարանները կարողանան ավելի շատ կենտրոնանալ գիտական ու կրթական նախաձեռնությունների վրա»,-շեշտեց Քոչարյանը:
Անդրադառնալով «Չարենցյան ամառ» ծրագրին՝ նա ասաց՝ այն դպրոցականներին հնարավորություն է տալիս կյանքը հարստացնել մշակութային ժամանցով, բացահայտել Չարենցի կերպարը, նրա օգնությամբ այլ մեծերի կյանքի հայտնի եւ անհայտ դրվագներն ու ստեղծագործական ժառանգությունը: Փոխնախարարը բոլոր ուսուցիչներին հորդորեց մասնակցել ծրագրին եւ իրազեկել աշակերտներին:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շատ է կարեւորում ընթերցանության նշանակությունը յուրաքանչյուրի կյանքում: «Ընթերցելը եւ՛ գիտելիք է, եւ՛ հոգու զարգացման հնարավորություն: Չարենցին կարդալով՝ հանգում ենք մի գաղափարի՝ կարդալ նշանակում է ստեղծագործել, իսկ պատանիներին անհրաժեշտ է հենց այդ ուղղությամբ կրթել: Պետք է ընտրողաբար մոտենալ ընթերցանությանը, կարդալ գրքեր, որոնք բարձրացնում են մեզ: Չարենց ընթերցելով, նրա փորձը ուսումնասիրելով պետք է կարողանանք տարածել ստեղծագործելու գաղափարը: Չարենցը 14 տարեկանից Կարսի այգում նստած կարդում էր աշխարհ մեծերին, ռուսական ռեալական դպրոցում սովորելիս ծանոթացել է ռուսական սիմվոլիզմին: Այդ ամենը նրան մշակութային, գրական կուլտուրա են փոխանցել: Առանց այդ ամենը կարդալու նա չէր կարող ստեղծել «Ծիածան» շարքը, այլ գործեր, հետագայում՝ հայ դասական եւ համաշխարհային գրականության լավագույն նմուշները»,-շեշտեց Միլիտոնյանը:
Ըստ նրա՝ այն, ինչ կարդում ես, ճյուղավորումներ է տալիս, որոնք անհատին ակտիվ ընթերցող են դարձնում: Միլիտոնյանը կարծում է՝ կրթական ծրագիրը պետք է նպաստի հենց այդ գաղափարին:
«Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, գիտաժողով, նյութերի ժողովածուի հրատարակում: Գրական-մշակութային վերոնշյալ երկու կառույցների կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիներն ուսուցիչների խորհրդատվությամբ կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ:
ՀԱՄԵՐԳ՝ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ
Հաշվի առնելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում նշվում է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանը, «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» անմասն չմնալով մի շարք համերգային նախագծերից հունիսի 8-ին նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ համաշխարհային հայի:
Համերգի շրջանակներում «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» Հայաստան է հրավիրել Ազնավուրի երգերի հայտնի եւ անհավանական նմանությամբ կատարող Ղասսան Յամմինին, ով ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան. Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ վերջերս՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին: Նա կարծում է՝ Ազնավուրի երգերը հենց Հայաստանում պետք է կատարվի: Մաեստրո Երզնկյանը իր խոսքում նշեց, որ համերգին մասնակցելու առաջարկը մեծ սիրով է ընդունել: Շմավոն Գրիգորյանի խոսքով հունիսի 8-ին կայանալիք համերգից հետո հաջորդ համերգը նախատեսված է հուլիսի 19-ին. առաջին անգամ Հայաստանում ելութ կունենա Queen Sensation” խումբը, իսկ օգոստոսի 9-ին բացառիկ «Վիվալդի DJ» խորագրով համերգը կներկայացվի, որը իր տեսակով բացառիկ է եւ առաջին անգամ է նման ծրագիր ներկայացվում Հայաստանում: Մաեստրո Երզնկյանի հետ համագործակցությունը լինելիւ է շարունակական. հետաքրքըր համերգային նախագիծ է սպասվում նաեւ հոկտեմբեր ամսին:
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՍՊԵՐՑՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներից մի քանիսը:
Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Սպերցյանով հետաքրքրված են «Յուվենտուս»-ը, «Լացիո»-ն, «Նապոլի»-ն եւ «Ֆիորենտինա»-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից է: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 11 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Կրասնոդար»-ը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն:
2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող վարկանիշային մրցաշարում:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ` 2 ոսկի, 1 արծաթ:
Մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն, ով եզրափակչում գերազանցել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկուլուին։
70 կգ քաշային կարգի եզրափակչում մրցել են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Վազգեն Թեւանյանը եւ Արման Անդրիասյանը: Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրիասյանին հաջողվել է առավելության հասնել: Թեւանյանը նվաճել է արծաթե մեդալ:
Առավել վաղ Հայաստանի հավաքականից Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Վազգեն Թեւանյանը եւ Արսեն Հարությունյանը:
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երեւան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։
Մասնակցության հայտ են ներկայացրել Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի շուրջ 150 մարզիկ:
Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում: