Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իր և բնապահպան-ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում նախարարն օգտագործել էր «ականջները կտրել» արտահայտությունը:
Նախարարը նախ հանգամանալից ներկայացրեց ` ինչո՞ւ էր ինքը այդ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ապա ասաց, որ ինքը կոչ է արել ակտիվիստներին չվիրավորել, չգոռգոռալ տարբեր անվանակոչություններ ` «դիակ», «մեռել», «գերեզմանատուն» բառերը չհնչեցնել:
«Եթե կան մասնագետներ, թող գան խոսենք: Մի խանգարեք միջոցառումը: Ու այսքանից հետո, երբ շուռ ես գալիս- տեսնում ես, որ քո նստած տեղի վրա ոտքերով կանգնել են, խաչաձև հարցեր են տալիս»,- ասաց Հարությունյանը ` հավելելով, որ հասարակությունը պետք է դատի ինքը սխալ է արել, թե ոչ:
Բնապահպանության նախարարի կարծիքով ինքը պաշտպանել է իր աշխատակիցների շահերը: «Ես թույլ չեմ տա, որ 1000 աշխատակցի «դիակ» կամ «գերեզմանատուն» անվանեն»,- ասաց կառավարության անդամը:
Ինչ վերաբերում է «ականջները կտրել» հայտարարությանը ու դրա համար ներողություն խնդրելուն, պրն Հարությունյանն ասաց. « Թող այն մարդիկ, որոնք ստեղծում են նման իրավիճակ, պետք է այն նշաձողը, որը վերաբերում է մեզ, քաղաքական գործիչներիս, կառավարության անդամներին, չիջնի երբեք»:
Նախարարը կարծում է, որ ինքը գործել է տվյալ իրավիճակին համապատասխան, տվել է այն համարժեք պատասխանը, որն անհրաժեշտ էր, քանի որ իրեն բերել են անձնական դաշտ: Երբ լրագրողները փորձեցին ավելի հստակ պատասխան ստանալ, Արամ Հարությունյանն ասաց, որ դրանով փորձում են իրեն ճնշել: «Հիմա կարո՞ղ է մեզ էլ նման բան ասեք»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Նախարարն ասաց, որ ինքը երբեք նման բան չի անի և թույլ չի տա իգական սեռին վիրավորել, ավելին, երբ տեսնի, որ կնոջը վիրավորում են, ինքը կպաշտպանի նրա շահերը:
Ի դեպ, Արամ Հարությունյանը չի կարծում, որ կարիք կար իրավապահների միջամտությանը: