Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն այսօր ԱԺ-ում խոսել է Քեսաբի իրադարձությունների մասին՝ այս հարցում ԱԳՆ աշխատանքին վերագրելով որոշ ձեռքբերումներ։
Սակայն մենք գիտենք, որ մեր ԱԳՆ-ի ձեռքբերումները հիմնականում էկզոտիկ բնույթի են լինում և առանձնապես մեզ ոչինչ չեն տալիս։ Փոխարենը կարելի է արձանագրել, որ իրավիճակը հարթելու հարցում կարող էր որոշակի դեր խաղալ Սերժ Սարգսյանի ելույթը Հաագայում, Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ակտիվ գործունեությունը և դիմումները Սիրիայի իշխանություններին, նաև անշուշտ դրական նախաձեռնություն է ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների այցը Սիրիա։
Եթե ՀՀԿ-ական են, դա չի նշանակում, որ ընդունակ չեն դրական քայլերի, հետևաբար դա նույնպես պետք է արձանագրել։
Իհարկե, Քեսաբում հայերին անվտանգությունն ապահովելու և ահաբեկիչներին հակահարված տալու հարցում հիմնական շնորհը հենց Քեսաբի հայերինն է և Սիրիայի գործող իշխանություններինը։ Բաշար Ասադի ուղարկած զորամիավորումները կարողացան ֆիզիկապես ոչնչացնել Քեսաբ ներթափանցած ահաբեկիչներին, որոնց թվում էին նաև ադրբեջանցիներ։
Ցանկացած երկրի նախագահ պարտավոր է ապահովել իր երկրում իր երկրի քաղաքացիների անվտանգությունը, և Բաշար Ասադը պարզապես ապացուցեց, որ գտնվում է իր տեղում և կատարում է իր պարտավորությունները։ Սա բնական է։ Այստեղ մեր ուշադրությունը հերթական անգամ պետք է գրավի այն հանգամանքը, որ հենց Քեսաբի վրա հարձակումը պատահական չէր. ահաբեկիչների թվում կային մեծ թվով ադրբեջանցիներ, ահաբեկիչներին օժանդակում էր Թուրքիան, նրանք համագործակցում են Սիրիայի ընդդիմության հետ, իսկ վերջիններիս աջակցում է «մեծն» Արևմուտքը։
Հետևաբար, Քեսաբը ոչ թե միայն գործողություն էր Սիրիայի իշխանությունենրի դեմ, այլ նաև կրում էր ընդգծված հակահայկական բնույթ և, բնականաբար, չէր կարող լինել առանց Արևմուտքի հավանության։
Հերթական անգամ Արևմուտքը բացահայտեց իր իրական դեմքը։ Իհարկե, արևմտամետ կողմը կարող է մեկնաբանել սա որպես Արևմուտքի պատասխանը Հայաստանին ՝ Ղրիմի հարցում իր դիրքորոշման համար, սակայն նույնիսկ եթե դա է պատճառը, միևնույն է ՝ այն ոչ մի կերպ չի արդարացնում Արևմուտքի նենգ և ստոր քաղաքականությունը, որը, ի դեպ, դարերից եկող անժխտելի երևույթ է։ Հետևաբար, քաղաքականության մեջ բարեկամներ չկան, կան շահեր։
Կարեն Վարդանյան