Կասկածելի գործարքներ՝ պայթած գազալցակայանի աշխատանքը չկասեցնելու համար․ ԱՎՕ փորձաքննություն չէր անցել.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սեւան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում. ինչ հանգամանքներում գազալցակայաններից մեկում պայթուն ու դրա հետեւանքով հրդեհ եղավ, եւ ինչով էին զբաղված պետական պատասխանատու գերատեսչությունները: Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից, պարզվում է, տուգանվել է։ Գազալցակայանի եւ բենզալցակայանի տուգանքային պատմությունը տեսնելիս սակայն նկատելի է, որ շատ քիչ ժամանակաշրջան է այն առանց խնդիրների աշխատել։ ArmLur.am-ը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում քանի անգամ է տուգանվել եւ ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այս տարի հայտնաբերել է, որ ԱՎՕ փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, ինչը ենթադրում է, որ այն անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել: Հասկանալի է, որ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ցուցումով միայն կարող էր նման որոշում կայացվել. իսկ թե ինչ մոտիվացիայով կարող էր տեսչականի ղեկավարը ներողամտություն ցուցաբերել, բարդ է ասել. համենայնդեպս, երբ ArmLur.am-ը դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղից բացատրեցին, որ «Տեսչական մարմնի ղեկավարը, 2023 թվականից սկսած, բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների եւ բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։ Ընդհանուր առմամբ, կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ եւ ավելի տուգանք է նշանակված եւ բռնագանձված։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով կասեցում ունենք, վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին. փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով՝ Հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է. սակայն, պայթած լցակայանի սեփականատերն ասում է՝ «Ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների»:

Նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ, օրինակ, փորձարկումն արվել է եւ լցակայանը ճանաչվել է անվտանգ շահագործման համար։ Տեսչական մարմին դիմել է, մենք շահագործման համար տվել ենք բացասական պատասխան»։

Տեսչական մարմնից բացառում են ղեկավարի կողմից գործարքների գնալու հանգամանքը, սակայն փաստն այն է, որ «խորհրդավոր» պայմաններում լցակայանը շահագործվել է՝ մի քանի տուգանքներ եւ արգելքներ կրելուն զուգահեռ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս