«ԵՍ ՉԵՄ ՏԱՐՎԵԼ ԿՈՄԵՐՑԻԱՅՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարեկ Բավեյանը համաձայն չէ «Ժողովուրդ» օրաթերթի այն դիտարկմանը, որ վերջին շրջանում ինքը պասիվություն է դրսեւորում. մեկ տարվա մեջ երկու տեսահոլովակ է նկարել, տարբեր հեռուստատեսային հաղորդումների հյուր է եղել: Երգիչը խոստացավ նաեւ, որ շուտով կներկայացնի եւս մեկ նոր տեսահոլովակ:
-Ասացիք, որ հեռուստատեսային ծրագրերում եք հանդես եկել, բայց Ձեզ չտեսանք ո՛չ «10+10», ո՛չ էլ «Միմինո» նախագծերում:
-Ա՛յ սա պետք է իրենցից հարցնեք: Նախագծերի կողմից հրավեր չի եղել: Բայց Հ1-ի «Ռետրո. 22:30» եւ «Երգ երգոց» ծրագրերին մասնակցել եմ: Որտեղից որ հրավիրում են, ու ես ուզում եմ մասնակցել, մասնակցում եմ:
-Երբ նոր էիք սկսել Ձեր կարիերան, մեղեդային երգեր էիք կատարում, ավելի ռոմանտիկ կերպար ունեիք: Հետո զուգերգ կատարեցիք ռեփերի հետ, վերջերս էլ 6/8 ռիթմերի մեջ եք սկսել երգել: Հիմա ո՞րն է Ձեր  ոճը, թե՞  դեռ որոնումների մեջ եք:
-Իրական Նարեկն այն է, ինչ անում է, բոլոր գործերի մեջ էլ նա կա: Էստրադան լայն հասկացողություն է: Այսքան ժամանակ ինչքան երգ որ երգել եմ, բոլորն էլ կարելի է մտցնել էստրադայի մեջ: Դրանք ո՛չ ժողովրդական, ո՛չ էթնիկ շեղվածություն ունեն: Եթե անում ես թե՛ ռիթմիկ պատկերով, թե՛ հնչողությամբ իրարից տարբերվող գործեր, չի նշանակում, որ դու ժանրդ փոխել ես: Հիմա ընդունված է համատարած 6/8 անել, բայց ես այդպես չեմ սիրում, ոչ էլ ընդունում եմ, որ միօրինակ դանդաղ երգեր են անում: Ես ամեն տեսակ երգ ունեմ իմ ռեպերտուարում:
-Իսկ գուցե առաջնային է պահանջա՞րկը: Ի վերջո, կատարողները փոխում են իրենց ոճը` հետեւելով կոմերցիային, շուկայի պահանջարկին:
-Իհարկե,  կոմերցիան ունի իր պահանջները, ինչ վերաբերում է «Եկել եմ` փախցնեմ» երգիս, կհամաձայնեմ, որ այդ երգը հարմարեցված է այսօրվա կոմերցիոն պահանջներին: Բայց եթե ընդհանուր նայենք, թե ես ինչ եմ անում, չեմ կարծում, որ կարելի է ասել, թե ես տարվել եմ կոմերցիայով: Դրա վառ ապացույցն է «Ձուկ» երգը, որի երաժշտական հնչերանգները վերցրած են սերբական եւ հրեական երաժշտությունից, բայց ոչ «քոփի» արած: Կոպիտ ասած` ոչ մի տեղից թխած չէ:
-Դուք կարծես թե առանձնապես ակտիվ չեք մասնակցում մրցույթներին, մինչդեռ Ձեր գործընկեր-կատարողներից շատերը գլխապատառ կերպով նետվում են այդ մրցութային աժիոտաժի մեջ: Ո՞րն է պատճառը:
-Նախ ասեմ, որ շոու բիզնեսի բնագավառում ոչ մի աժիոտաժ ու ինտրիգ ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ես աշխատում եմ որքան հնարավոր է հեռու մնալ այդ ամեն ինչից: Իսկ մրցույթների հետ կապված` ասեմ, որ ընդհանրապես հետաքրքրված չեմ, չեմ սիրում:
-Իսկ կորպորատիվ խնջույքներին` հարսանիք, կնունք, ծնունդ, մասնակցո՞ւմ եք:
-Այո՛, մասնակցում եմ ու ոչ մի բացասական երեւույթ դրա մեջ չեմ տեսնում, որովհետեւ դա աշխարհում ընդունված բան է:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում: Խոսքս մշտական աշխատանքի մասին է:
-Բացի նրանից, որ մասնակցում եմ տարբեր հավաքական համերգների, ունեմ նաեւ մշտական աշխատանքի վայրեր: Երկու տեղ եմ աշխատում` «N շոու» եւ «Հավանա» ակումբներում:
-Բեմի արտիստին չի՞ խանգարում ռեստորանային եւ ակումբային աշխատանքը:
-Բացասական ազդեցություն ունի, բայց փոքր: Երբ ամեն օր աշխատում ես, երգում քո երգացանկը, այդ ամենը քեզ մոտ փոքր-ինչ ռեֆլեքսորեն է սկսում կատարվել: Բայց եթե ճիշտ տրամադրված ես բեմ դուրս գալիս, այդ հոգնածությունն էլ է անցնում: Իսկ մնացած մասով ասեմ, որ ամեն ինչով օգնում է. շփում հանդիսատեսի հետ, կապ չունի` ովքեր են գալիս: Նրանք հանդիսատես են, որ եկել են ակումբ` քեզ լսելու: Դա էլ է շփում, դա էլ է պետք: Դա քեզ վստահություն է տալիս, միկրոֆոնն ամեն օր ձեռքիդ է: Կենդանի երգելու մեծ փորձ է:
-Հարսանիքի կամ որեւէ տեղ գնալու համար նախապես որոշված հոնորարի չափ կա՞, թե՞ այն որոշում եք` կախված այն բանից, թե ով է պատվիրատուն:
-Ինքս ինձ համար հստակ գնային քաղաքականություն եմ որոշել: Չգիտեմ` ով ինչպես, բայց  երբ ինձ կանչում են ինչ-որ տեղ, չեմ ճշտում, թե մյուսին ինչքան են տվել, որ դրան համապատասխան ես էլ որոշեմ: Ես ունեմ կոնկրետ գին իմ երգելու դիմաց, դրանից ավել ես չեմ ասում երբեք, անգամ եթե տեսնում եմ, որ պատվիրատուն թանկ մեքենայով է եկել: Դա ինձ չի հետաքրքրում: Գները չեն փոխվում նույնիսկ տոների ժամանակ: Իսկ տատանումներ լինում են դեպի ներքեւ, երբ տեսնում եմ, որ մարդն իրոք չի կարողանում ու խնդրում է, որ զիջումների գնամ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս