ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից այսօր armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյոք ՀՅԴ-ն կողմ է, որ ապրիլի 28-ից առաջ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հանրահավաք անեն: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք այդ խնդիրները քննարկում են: «Մենք որոշել ենք` քննարկելու ենք համատեղ մեր միջոցառումները դարձյալ 4 ուժերով»,- ասաց Ռուստամյանը:
-Իսկ մարտի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցելո՞ւ եք:
-Մենք մասնակցում ենք համաձայնեցված հանրաահավաքներին և քայլերին: Մենք այդպիսի խնդիր չունենք:
-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորների խումբ է ուղարկել Քեսաբ ` պարզելու տեղի իրավիճակը, սակայն ՀՅԴ-ի անդամներից ոչ մեկին չի ընդգրկել այդ խմբում: Չեք վիրավորվե՞լ:
-Վիրավորվելու խնդիրը չկա: Սա մեր իշխանության կարճատեսությունն է: ՀՅԴ-ն ընդգրկվելու խնդիր չունի: ՀՅԴ-ը ընդգրկված է: Մենք հատուկ էստեղի պատվիրակությամբ չպիտի էստեղից գնանք էնտեղ: Սիրիայում ներկա է ՀՅԴ-ի կառույցը, որը բավական ակտիվ է: Խնդիրը մոտեցման մեջ է: Սա առիթ էր, որ ցույց տանք, որ որքան էլ տարաձայնություններ ունենք, կան համազգային հարցեր, որ մենք միասնական ենք: Նման վիճակը նախ և առաջ իշխանություններին էր ձեռնտու, որ ցույց տա` բոլոր կամուրջներն այրված չեն ոչ իշխանական դաշտի հետ:
-Բայց իշխանությունը ցույց տվեց, որ փաստորեն այրված են բոլոր կամուրջները:
-Իրենք են իզուր տեղը դա ընդգծում, որ իրենք հարց ունեն առաջ ընկնելու, քաղաքական դիվիդենտներ շահելու, բայց դա հակառակ էֆֆեկտն է ցույց տալիս: Դա Սիրիայի իշխանությունների ու սիրիահայերի համար շատ մեծ հնչեղություն կունենար, եթե բոլորն ընդգրկված լինեին պատվիրակության կազմում:
-Ինչպե՞ս եք գնահատում ԱԳ նախարարության արձագանքը Քեսաբի դեպքերի առնչությամբ: Արդյոք ուշացած չէր դա:
-Մենք ունենք դիվանագիտական լուրջ աշխատանք անելու: Օրակարգի կարևոր կետերից մեկը դարձնել սիրիահայերի պաշտպանության հարցը: Բնականաբար Հայաստանը պետք է Սիրիայի իշխանությունների հետ աշխատի, քայլեր իրականացվի` հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:
-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասում էր, որ չի կարելի միջամտել Սիրիայի իշխանությունների ներքին գործերին, իսկ Դուք հիմա ասում եք` խոսենք Սիրիայի իշխանությունների հետ:
-Մենք չենք խառնվում ուրիշ երկրի ներքին գործերին, մենք ապահովում ենք մեր հայրենակիցների անվտանգությունը, որը միջազգային նորմերով թույլատրված է:
-Ի դեպ, պրն Ռուստամյան, քանի որ արտաքին քաղաքական ոլորտը շոշափեցինք, ինչպես է իրեն զգում Գերմանիայում մեր դեսպան Վահան Հովհաննիսյանը: Հարմարվե՞լ է արդեն:
-Շատ նորմալ է իրեն զգում, որևէ պրոբլեմ չկա:
-Հաշվի առնելով ` որ Գերմանիայում իշխում են պրոթուրքական տրամադրություններ, կհաջողվի՞ Վահան Հովհաննիսյանին պրոհայկական տրամադրություններ ստեղծել:
-Ճիշտ կլինի` իրենից ճշտեք: Ես այստեղ եմ, ինքը` Գերմանիայում:
Սոնա Դավթյան