ԱԺ-ի դիմաց այսօր՝ հունիսի 12-ին ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով NEWS.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և ոտքի շրջանում։ Նա այժմ «Հերացի» Թիվ 1 հիվանդանոցային համալիրում է, որտեղ հետազոտվում է։ Գրում է NEWS.am-ը: Նա պատմել է, թե ինչպես է ստացել վնասվածքները։
«Առաջին լուսաձայնային նռնակի պայթելուց հետո սկսեցինք փախչել դեպի Սիրահարների այգի, որտեղ ևս մեկ լուսաձայնային նռնակ նետեցին փախչող մարդկանց ուղղությամբ։ Այդ ժամանակ ես ստացա վնասվածքներ։ Առաջին օգնությունն ինձ ցուցաբերեցին քաղաքացիները։ Շտապօգնությունը չէր կարողանում մոտենալ այդ տարածքին։ Ինձ գրկած տեղափոխեցին վրան։ Այնտեղ բժիշկ կար, որն իմ վերքը մշակեց, վիրակապեց։ Ավելի ուշ մոտեցավ շտապօգնության մեքենան ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- պատմեց Վազգեն Եթումյանը։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ԱԺ-ի մոտ, հատուկ միջոցներ է կիրառել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ՝ մինչ վարչապետն ԱԺ-ում էր։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տասնյակ քաղաքացիներ, այդ թվում լրագրողներ ու օպերատորներ։